Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը (տեսանյութ)

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով
ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող
իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը,
հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։
 
 Ո՞վքեր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև
Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական
շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․
 
1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է
ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և
տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։
 
2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն
Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն
ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։
 
3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև
միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն
ու ոչ առևտրային կազմակերպությունները։
 
 Ո՞վ է իրական շահառուն։
 
Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է
կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի
իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։ 
 
 Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն
հայտարարագրերը։
 
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և
դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության
նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ 
 
Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք
գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։
Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ
տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։
Տեսանյութը՝ այստեղ։
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն