Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 8-ը հոկտեմբերի. ՀԱԿ երիտասարդները զբաղված են Ազատության հրապարակը վերանվաճելով․ երթերով զբոսնում են հրապարակի շուրջ (տեսանյութ)

1997-ի այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հավաքականի ջրերը մի առվով չեն հոսում։ Հավաքականի մարզիչ Խորեն Հովհաննիսյանը ոչ մի բանից տեղյակ չէ։ Կա մեղադրանք, որ Հայաստանը պատրաստվում է ուկրաինացիներին վաճառել աշխարհի 1998-ի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա խաղը։ Մինչդեռ մարզիչ Հովհաննիսյանը չի պատրաստվում խաղը զիջել, թեպետ ֆեդերացիան հավաքական չի հրավիրել դրսում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին, իսկ ներսում հանդես եկողներն ընկճված են։

Ռոբերտ Սահակյանցը հայկական մուլտիպլիկացիայի մասին անցյալով է խոսում, որովհետեւ պետության փողերն այլեւս չեն հերիքում գոնե մեկ մուլտ նկարելու համար։ Այնուամենայնիվ, 1997-ի հոկտեմբերի 8-ին «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է հայկական մուլտիպլիկացիայի 60-ամյակը նշելով։

1999-ի այս օրերին կաթողիկոսի ամենամրցունակ թեկնածու Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի անվան շուրջ կրքերը թեժանում են։ Թուրքիո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն Ամերիկայում հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ հենց նրան դարձնեն կաթողիկոս։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր հերթին ասել է, որ կաթողիկոսը պետք է լինի հայաստանցի, որպիսին Գարեգին Ներսիսյանն է։ Արցախի թեմի առաջնորդն ակնարկում է, որ Արամ Առաջինի հետ համաձայն չէ՝ կաթողիկոսը պետք է լինի կաթողիկոս։

1999-ի այս օրը Բաղրամյան-26-ում Հանրապետական խորհրդին է ընդունում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Զրույցի թեման տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Քոչարյանը հույս ունի, որ դրանցում տեղ չեն գտնի այն թերությունները, որոնք եղան 4 ամիս առաջվա խորհրդարանական ընտրություններում։

1999-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանում է հայտնի էքստրասենս Անատոլի Կաշպիրովսկին։ Նա եկել է հոգեկան հիվանդների հետքերով։ Խորհրդային Միության վերջին տարիներին հեռուստաէկրանի մյուս կողմից այս կողմում գտնվողներին իր բառերով բուժող այս մարդը եկել է ասելու, թե ինչպես պետք է վարվել հոգեկան հիվանդների հետ։ Երկու հոգեւոր հայր 1999-ի այս օրերին Հայաստանի Հանրապետության եւս 13 քաղաքացու առաջնորդում են դեպի արտագաղթ։ Եկել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որպեսզի իրենց օգնի։ Հուսով են, որ իրենց օրինակին կհետեւեն հազարվոր հայաստանցիներ։

1999-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը սրտի կաթվածից մահանում Ազգային Ժողովի պատգամավոր, Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանը։

2010-ի հոկտեմբերյան նստաշրջանի օրերին «Ակցիզային օրենքի» քննարկման ժամանակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը որոշ գործարարների համեմատել էր «սրբազան կովերի» հետ, որոնք անձեռնմխելի են։ Գործարարները պատասխան են պահանջել դաշնակցական մտավորականից։

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները 2010-ի այս օրերին զբաղված են Ազատության հրապարակը վերանվաճելով։ Հիմնականում նրանք երթերով զբոսնում են հրապարակի շուրջ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս ներս մտնել։ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ճիշտ է համարում իշխանության պահվածքը։

2012-ի հոկտեմբերի 8-ին ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ մեղադրվող նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը այցելում է Ազգային անվտանգության ծառայություն։ Նա պիտի հասկանա, թե ինչ են ուզում իրենից, ինքը սակայն ցուցմունք չի տա, թող ձերբակալեն։