Բացել լրահոսը Փակել լրահոսը
anket
A A
Քաղաքականություն

Սոցհարցում. Էրդողանի կուսակցությունը կորցնում է համակիրներին. ermenihaber.am

Սեպտեմբերի ընթացքում տարբեր հետազոտական կենտրոններ սոհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում հնարավոր ընտրությունների դեպքում բնակչության տրամադրությունները պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber»-ը։

ORC հետազոտական կենտրոնը սոցհարցում է անկացրել Թուրքիայի 7 մեծ քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Մերսին, Սամսուն, Գազիանթեփ, Այդըն և Մալաթիա: Արդյունքները ցույց են տալիս, որ այս քաղաքներում ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը 2018թ. հունիսին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններում ստացած քվեները նվազել են:

Միայն Անկարայում դաշինքը մոտ 9 տոկոս է կորցրել: Ընդ որում՝ այստեղ Էրդողանի կուսակցությունը 2018 համեմատ կորցրել է 6 տոկոս՝ ստանալով հարցվածների 34.9 տոկոս աջակցությունը, իսկ ազգայնամոլները կորցրել են 3 տոկոս՝ աջակցության ստանալով հարցվածների 9.7 տոկոսից:

Ստամբուլում 2018թ. ստացած 42.7 տոկոսի փոխարեն ԱԶԿ-ին այս հարցումների ընթացքում աջակցություն է հայտնել հարցվածների 39.5 տոկոսը, ԱՇԿ-ն նախկին 8.3 փոխարեն ստացել է 7.7 տոկոսի աջակցությունը:

Այդընում ԱԶԿ-ի աջակցությունը նվազել է մոտ 5 տոկոսով, ԱՇԿ-ինը՝ 2 տոկոսով: 2018թ ընտրություններում ԱԶԿ-ն 32.5 տոկոս ձայն էր ստացել, իսկ ԱՇԿ-ն՝ 8.1 տոկոս:

Սամսունում ԱԶԿ-ն կորցրել է համակիրների մոտ 8 տոկոսին, ԱՇԿ-ն՝ 6, նրանք 2018թ. ընտրություններում համապատասխանաբար ստացել էին 52, և 16.2 տոկոս ձայն:

Մալաթիայում ԱԶԿ-ն 2018թ. ընտրությունների արդյունքների համեմատ կորցրել է 6.5, ԱՇԿ-ն մոտ 6 տոկոս ձայն: Համապատասխանաբար ստացել էին 53.9, 16.1 տոկոս քվե:

Մերսին քաղաքում այս կուսակցությունները կորցրել են մոտ 3-ական տոկոս:

Հասարակական-քաղաքական դաշտային հետազոտությունների կենտրոնի նույն ժամանակահատվածում սոցհարցում էր անցկացրել Թուրքիայի 22 նահանգում: Սոցհարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնցից 27.2 տոկոսը հնարավոր ընտրության դեպքում պատրաստ է իր ձայնը տալ իշխող ԱԶԿ-ի, 6.6 ԱՇԿ-ի օգտին: Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահնարապետական»  աջակցություն է հայտնել հարցվածների 26 տոկոսը, «Լավ» կուսակցությանը՝ 10.2 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»՝ 9.4 տոկոսը: Հարցվածների 8.2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 7.7 տոկոսը որոշել է չմասնակցել ընտրություններին: