Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ծնկների վրա կանգնած բանակցելը հարմար չի՝ չոքած հոգնում է մարդ․ Քոչարյանն՝ իշխանությանը (տեսանյութ)

2018թ․ -ից Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի բարենպաստ՝ պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը կարծում է, որ երեք տարիների ընթացքում Կառավարությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել Արցախի հարցի շուրջ ու բանակցությունները մտցրել փակուղի․ «Դրանով առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, ու ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից»։

Նա համարում է նաև, որ փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ու հասկանալի է, որ վերջինս ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենա։ Ադրբեջանն էլ ակտիվ հետևում էր այս ամենին ու գնահատեցին, որ պատերազմի համար ավելի բարենպաստ պայմաններ չեն ունենալու։

«Ադրբեջանին ոչ մի երկիր չդատապարտեց պատերազմ սկսելու համար։ Տպավորությունն այնպիսին էր, որ մենք Արտաքին գործերի նախարարություն չունենք, թեկուզ ունենք փորձառու դիվանագետներ։ Արվել է ամեն ինչ Թուրքիան ներգրավելու համար։ Այն թեզը, որ հնչեցվել է Պաշտպանության նախարարի կողմից՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, Ադրբեջանի համար այլընտրանքներ չէր թողնում։ Ռիսկերը նվազեցնելու համար Թուրքիայի գիրկն ընկնելն էր տարբերակ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ խոսում ենք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց հարց է առաջանում՝ «իսկ դու ո՞վ է, ի՞նչ ես քեզնից ներկայացնում՝ նման նպատակներ հնչեցնելու ժամանակ»։

«Ամենից զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։ Այս մարդիկ պետք է գնան․ ընդհանրապես ծնկների վրա կանգնած բանակցելը հարմար չի, չոքած հոգնում է մարդ, չի ստացվելու», - ասաց Քոչարյանը։

Լրագրողը հարց ուղղեց, թե արդյո՞ք Քոչարյանը զենքերը վայր է դնում և ավարտում պայքարը իշխանափոխության համար, նա պատասխանեց, որ պայքարելու են ու հիմա էլ պայքարում են և ինչպես ասել է, նախկինում՝ նոր իշխանությունը մեկ ու կես տարվա կյանք կունենա․ «Ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել՝ չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավմամբ»։