Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Մեկ տարի անց.հայտարարություն

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրանում է Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հանցագործ կոռումպացված ռեժիմի քաղաքական որոշմամբ եւ վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սկսած՝ 44-օրյա պատերազմի տարելիցը։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը սկսված աղետալի, հազարավոր լուսավոր կյանքեր խլած, պետական հայատյացությամբ պայմանավորված բազմաթիվ պատերազմական հանցագործություններով եւ էթնիկ զտումներով ուղեկցված պատերազմը Հայաստանի ինքնիշխանության վրա հավելյալ ճնշումների եւ Հայաստանի ու Արցախի անվտանգության նոր մարտահրավերների առջև ճանապարհ բացեց, վեր հանեց մեր Անկախության երեսնամյա ժամանակաշրջանում ընդունված քաղաքական որոշումների, անվտանգության, պաշտպանության, պետական ինստիտուտների վերաբերյալ պատկերացումների, շրջանառվող քաղաքական կարծրատիպերի սնանկությունն իրենց ամբողջության մեջ։

Պարտությունը առաջ է բերում մեր՝ օրվա հրամայականը եւ բացարձակ առաջնահերթությունը․ Ազատ եւ Անկախ Պետականության ներկայի եւ ապագայի մասին մեր պատկերացումների վերաիմաստավորումը, մեր սխալների վերհանումը եւ սրբագրումը, մեր պետական համակարգերի եւ ենթահամակարգերի գործունեության մասին նոր հայեցակարգերի մշակումը եւ գործարկումը՝ 21-րդ դարի անվտանգային մարտահրավերներին համարժեք եւ համապատասխան։

Արձանագրում ենք նաեւ, որ պարտվել է մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը, մեր պատկերացումները ռազմավարական դաշնակցի, բարեկամների, գործընկերների, ընդհուպ թշնամիների մասին, նրանցից ոմանց հետ գործակցության շուրջ, եւ մեկամյա վաղեմության՝ միջազգային հանրության 44-օրյա քար լռությունը եւ փաստացի անգործությունը։

Միեւնույն ժամանակ, միանգամայն ճիշտ համարելով հռչակված՝ խաղաղ զարգացմանը ձգտելու քաղաքական կուրսը, անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ առանց հաշվի առնելու միջազգային հարաբերություններում առաջացած և շարունակվող նոր միտումները, առանց վերարժեւորելու հայ ժողովրդի՝ ազատ, անկախ եւ ժողովրդավարական ապագա կերտելու անբեկանելի եւ անսակարկելի կամքը՝ միայն հռչակումները բավարար չեն լինի այն իրականություն դարձնելու համար։

Արժեքային հենքով նոր դաշինքների կազմավորումը, քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հրամայականները ոչ թե քաղաքական նախապատվության հարց են, այլ թելադրված են մեր ազգային անվտանգության, տեխնոլոգիական արդիականացման, վերազինման եւ զարգացման արմատական շահերով, որոնց հետապնդումը եւ իրականացումը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի կարեւորագույն գրավականն են։

Սգալով եւ հարգելով մեր նահատակված հերոսների հիշատակը, մեր սրբազան պարտքն ենք համարում աներեր կերպով շարունակել մեր ամենօրյա բարեխիղճ ծառայությունը մեր պետականության, պետական ինստիտուտների, մարդու անօտարելի ազատությունների եւ ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդման գործին՝ հանուն Ազատ եւ Անկախ Հայաստանի Հանրապետության, հանուն Ազատ եւ Անկախ Արցախի Հանրապետության։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ