Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Օրական պատվաստումների թվի շեշտակի աճ կա վերջին երկու օրերին․ Ավանեսյան (տեսանյութ)

Քովիդ-19-ի ընդհանուր 11․470 ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են։ Այս մասին ՀՀ Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, այս թվերը բնական են, որովհետև պատվաստումը 100%-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց ամենակարևորը, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև և ելքն էլ առավել դրական է։

«Հոսպիտալացված 2006 քաղաքացիներից միայն 38-ն են, որ պատվաստված են ու նրանք հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև։ Քաղաքացիների մեծ մասն էլ հոսպիտալացվել են, որովհետև ունեն խրոնիկ այլ խնդիրներ ու նրանց հոսպիտալացրել են զգուշությունից ելնելով», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Օրական պատվաստումների թվի շեշտակի աճ կա վերջին երկու օրերին, նշեց նախարարը։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման զգալի փոփոխություն կա։ Արդեն իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չկա, դրանք արդյունավետ են, անվտանգ և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից։