Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը (տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Ազգային ժողովի արտահերթ նիստին լքեցին դահլիճը և չեն մասնակցի նիստին։

Նիստում քննարկվում էր ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրակարգ է բերվել հարց, որը, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին ու այն համարում են հստակ հանցագործություն։

«Դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ ՀՀ նախագահի ուշադրությունն են հրավիրում և պահանջելու են համապատասխան վիճարկում այս հարցի։ Բացի այդ, ՀՀ իշխանությունները չեն հասկանում առաջնահերթությունները։ Արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, ՊՆ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, մինչդեռ այս օրերին լարված իրավիճակ է առաջանում», - ասաց Մինասյանը։

Ելնելով այս ամենից, նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս ապօրինություններին։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին պարզ, տեսանելի քաղաքական անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, և նրանք էլ, միանալով ընդդիմադիր իրենց գործընկերներին, չեն մասնակցի այս նիստին։ Դրանից հետո երկու խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։