Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուսի թեստ
A A
Հասարակություն

Ի՞նչ է իրենից ներկայացնում Դելտա պլյուս տարբերակը

Բարձր փոխանցելիության պատճառով ՔՈՎԻԴ-19-ի Դելտա տարբերակը ԱՀԿ-ի կողմից համարվել է մտահոգիչ տարբերակ: Այն, հայտնվելուն պես, արագորեն է տարածվում մարդկանց շրջանում։ 

UNICEF-ը  ժողովել է ամենաթարմ փորձագիտական տեղեկատվությունը՝ պատասխանելու համար այս նոր տարբերակի վերաբերյալ ամենատարածված հարցերին։

Դելտա տարբերակն ավելի վարակի՞չ է արդյոք

Այո՛: Դելտա տարբերակը չափազանց վարակիչ է, գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարբերակները: Այդուհանդերձ, նախազգուշական միևնույն միջոցները, ինչպիսիք են մարդաշատ վայրերից խուսափելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և դիմակներ դնելը, շարունակում են արդյունավետ պայքարել անգամ Դելտա տարբերակի դեմ:

ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը արդյունավե՞տ են Դելտա տարբերակի դեպքում։

Այո՛: ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը շարունակում են մեծապես արդյունավետ լինել ծանր հիվանդությունն ու մահը կանխարգելելու գործում, այդ թվում՝ Դելտա տարբերակի դեպքում: Երբ պատվաստման ձեր հերթը հասնի, անպայման պատվաստվեք: Եթե ձեր պատվաստումը ենթադրում է երկու չափաբաժին, ապա կարևոր է ստանալ երկուսն էլ՝ առավելագույն պաշտպանություն ձևավորելու համար:

Պատվաստանյութերը օգնում են իմունային համարժեք պատասխան ձևավորել՝ նվազեցնելով հիվանդության և դրա ծանր հետևանքների զարգացման ռիսկը։ Աակայն, որևէ պատվաստանյութ 100 տոկոսանոց արդյունավետությամբ օժտված չէ: Պատվաստված մարդկանց մի փոքր մասը կարող է վարակվել ՔՈՎԻԴ-19-ով, բայց բարեբախտաբար, նման դեպքերում վարակվածներն ավելի թեթև են հաղթահարում վարակը: Այդ է պատճառը, որ եթե ապրում եք ՔՈՎԻԴ-19-ի բարձր վարակվածության տարածքում, ապա խորհուրդ է տրվում լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Եթե դուք լիարժեք պատվաստվել եք, սակայն ձեզ մոտ առկա են ՔՈՎԻԴ-19-ի նախանշաններ, ապա պետք է դիմեք ձեր բժշկին և ճշտեք՝ պե՞տք է արդյոք թեստ հանձնել:

Արդյոք երեխաների մոտ ավելի բա՞րձր է Դելտա տարբերակով վարակվելու հավանականությունը։

Դելտա տարբերակով վարակման թվի աճ նկատվում է բոլոր տարիքային խմբերի մոտ: Այդուհանդերձ, Դելտա տարբերակը առավել վարակիչ է, քան մյուս տեսակները, և սոցիալական շփումներ ունեցող և չպատվաստված մարդիկ ավելի են վտանգված։

Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ և ընտանիքիս պաշտպանել Դելտա տարբերակից։

Մշտապես հետևեք ձեր բնակության վայրում ՔՈՎԻԴ-19-ի վարակվածության ցուցանիշներին և դրանից պաշտպանվելու ցուցումներին: Ընդհանուր առմամբ, որքան բարձր է փոխանցման դեպքերի թիվը, այնքան ավելի բարձր է հանրային վայրերում վարակվելու ռիսկը:

Ահա ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու մի քանի հիմնական միջոց.

  • խուսափեք մարդաշատ վայրերից և պահպանեք ֆիզիկական հեռավորություն,
  • հաճախ օդափոխեք փակ տարածքները,
  • եթե համայնքում առկա է փոխանցման վտանգ, իսկ ֆիզիկական հեռավորության պահպանումը հնարավոր չէ, ապա հանրային վայրերում դիմակ դրեք,
  • հաճախ լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ ախտահանեք՝ ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչով,
  • պատվաստվեք, քանի որ ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Դելտա պլյուս տարբերակը։

Դելտա պլյուս տարբերակը փշանման սպիտակուցի նոր մուտացիան է, որը վիրուսը գործի է դնում՝ մարդու բջիջներ ներթափանցելու համար: Քանի որ այն սերտ առնչվում է Դելտա տարբերակին, վիրուսը կոչվել է հենց Դելտա պլյուս։ Դեռ Դելտա պլյուս համեմատաբար քիչ է հայտնաբերվել։