Բացել լրահոսը Փակել լրահոսը
AAE_logo
A A
Քաղաքականություն

Անկախության 30–ամյակը դիմավորենք ազգային միասնականության  գիտակցված եւ աննկուն ոգով․ ԵՀՀ

Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է Սեպտեմբերի 21–ը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30–ամյակը:

 

Յուրաքանչյուր ազգի՝ հատկապես պատմական դաժան ճանապարհ անցած ազգերի համար գերագույն նպատակ է ունենալ պետականություն եւ ապրել ազատ եւ անկախ հայրենիքում:

Հայաստանի Հանրապետությունը որպես առաջին եւ երկրորդ երկու հանրապետությունների անխափան շարունակություն  այս նոր դարաշրջանում  թեւակոխում է իր անկախության 30–ամյակը:

Ազգի յուրաքանչյուր անհատի համար թե' հայրենիքում եւ թե' սփյուռքում անկախությունը գերագույն շահ է եւ  թանկ ու անփոխարինելի: Բոլոր ժամանակների՝ հատկապես 44–օրյա պատերազմի զոհված մեր հերոսների կանչը եւ պատգամը մեկն է, ի հեճուկս բոլոր թշնամիների՝ դեռ այսօր էլ հեղվող արյան գնով  մեզ ժառանգություն մնացած հայրենիքը պահել անկախ, ամուր, անսասան եւ անխոցելի:

Խաղաղ զարգացման եւ անվտանգ հայրենիք ապահովելու համար հարկավոր է միասնական կամքով ազգովի դիմակայել նենգ թշնամիների ոտնձգություններին եւ չորս կողմից փչող ժամանակի բոլոր մարտահրավերներին:

Անկախության 30–ամյա այս առիթը պիտի վերածել վերափոխությունների, ինքնաքննադատությունների եւ  վերագնահատումների մեկնակետ եւ թեւակոխել հույսի ու լույսի մի նոր դարաշրջան՝ ուր մեր ապագա հաղթանակների գրավականը եւ անկոտրում դիմադրողականությունը մեր միասնականությունն է եւ միասնական ոգին՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին թշնամիներին եւ արտաքին մարտահրավերներին:

Ի մի բերելով 30–ամյա անկախության անցյալ ժամանակաշրջանը կարող ենք եզրակացնել, որ 30 անփոխարինելի ոսկյա տարիներ կորցրինք: Զգաստանալու եւ պետականություն կառուցելու եւ ամրապնդելու փոխարեն նախկին գավառամիտ ու մտային հետամնացությամբ տառապող  իշխանությունների անհեռատես ու հակազգային քաղաքականության բերումով  չարաշահվեց Արցախյան առաջին պատերազմի  պատմական հաղթանակի ստեղծած հնարավորությունները, ստեղծվեց կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող ազգային պետության պատրանք: Արդյունքում քողարկվեց դառը իրականությունը ու մսխվեց Հայաստանի ու սփյուռքի ներքին ռեսուրսները, ծախվեց ու թալանվեց երկրի ողջ հարստությունը: Անօրինական իշխանությունը պահպանվեց՝ պետականության շարունակական թուլացման  գնով, այն պարագային, երբ Ադրբեջանը՝ ընդհակառակը, հարստանում եւ օր ու գիշեր պատրաստվում էր պատերազմի:  

Այսպիսով մենք կորցրինք վերջնական հաղթանակի հասնելու պատմական անկրկնելի հնարավորությունը: Այսօր էլ այս ուժերը, ավելի եռանդուն, լծված են պետականակործան քայքայիչ նույն գործով եւ թշնամու հետ կարծես զուգահեռ գործում են, եւ ի խնդիր իրենց վերադարձի՝ թուլացնում են պետականության հիմքերը

Անկախության 30 –ամյակը այսօր նաեւ այն բացառիկ առիթն է որով հնարավորություն կտա բոլոր գործիչներին՝ հատկապես Ազգային Ժողով թափանցած ընդդիմադիր կոչվող նշված ուժերին  վերաիմաստավորելու իրենց անցյալը, ընդունելու սխալները եւ այս անգամ գոնե նորընտիր իշխանությունների ու ժողովրդի հետ արտաքին թշնամու դեմ լինել միասնական:

Անկախության տրամադրած առիթը այս ուժերի համար  ժողովրդի գիրկը վերադառնալու  վերջին շանսն է:  

Ազգային առողջ տրամաբանությամբ համախմբվենք մեր պետության ու պետականության շուրջ, ի չիք դարձնենք բոլոր տեսակի ներքին ու արտաքին պետականակործան ուժերի դավադիր երազանքներն ու մտադրությունները եւ վստահ ու հաստատուն  նայենք դեպի ապագան

Վերջ բոլոր հուսալքություններին եւ ապագայի նկատմամբ տատանումներին: Թող չքվեն մեր միջից բոլոր տեսակի անկումային տրամադրությունները: Մեր անհատնում ներուժով եւ անկոտրում կամքով կերտենք ու ապահովենք մեր ու հաջորդ սերունդների վառ ապագան ազատ ու ինքնիշխան հայրենիքում:

Կեցցե անկախությունը

Կեցցե հայ ժողովուրդը:

Եվրոպայի հայերի համագումար

21 սեպտեմբեր 2021

Շվեդիա