Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՈՒՂԻՂ․ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը ամփոփում են իրենց անցած ուղին (տեսանյութ)

 «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» առցանց միջոցառումն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորայի» #AraratChallenge շարժման համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի եւ նրանց բոլոր գործընկերների նախաձեռնած ու անցած 20-ամյա ճանապարհը։

 «Հայաստան 2020» և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունների համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանն նաեւ  նախանշում են իրենց տեսլականը դեպի Հայաստան 2041:

«Վերջին 20 տարիներին մենք փորձ արեցինք, մտածելով հասնել փոփոխության և դնելով 2020 թիվը, որպես նպատակակետ ավելի գրավիչ, բարեկեցիկ, կայուն և ինքնաբավ երկիր կառուցելու համար։ Կարծում եմ, համակարծություն կա առ այն, որ մեզ իսկապես անհրաժեշտ է ներհայեցողության միջոցով գտնելու ներշնչանք ու էներգիա անելու համար այն, ինչ պետք է անենք։ Իմ կարծիքով, բոլոր հայերը պետք է դառնան ընտրությամբ հայ և նվիրվեն Հայաստանի ապագայի կառուցմանը։ Եկեք սահմանենք հայը՝ որպես մի բան, որին բոլորս ենք ձգտում լինել։ Մենք պետք է վերակառուցենք այս ցանցը և հանուն այսօրվա 5 տարեկանների պետք է հավատանք մեր ապագային»,- ասաց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։

Ապագայի մասին քննարկման հիմքում 2021 թ․ տարեսկզբին «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ իրականացրած «Հայաստան 2041» ուսումնասիրության արդյունքներն էին։ 

«Մենք Հայաստանում տարեկան գրանցել ենք ՀՆԱ-ի 6 տոկոս աճ։ Ցավոք այս աճը կայուն չէ, քանի որ մեծամասամբ հիմնված է սպառողական վարկերի և պետական պարտքի վրա։ Արտադրողականության բարելավում է գրանցվել, բայց դա բավարար մեծ չէ, որպեսզի մենք դառնանք արտահանող երկիր։ Օտարեկրյա ներդրումների առումով նույնպես մեծ ներուժ կա, որպեսզի բարելավում գրանցենք։ Ամփոփելով, մենք կարող ենք հպարտանալ մեր ձեռքբերումներով,  բայց միևնույն ժամանակ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու համար»,-ասաց «McKinsey & Company» Կորեայի կառավարող գործընկեր և «McKinsey & Company» Սեուլի ավագ գործընկեր Անդրե Անդոնյանը։

Բանախոսները ներկայացրեցին տնտեսության հինգ գերակա ոլորտների (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն) ամենաուշագրավ տվյալները և նախանշեցին յուրաքանչյուր ոլորտի զարգացման հեռանկարները:

«Այսօր մենք եզակի պահ ենք ապրում և հասել է ժամանակը լուրջ որոշումներ կայացնելու։ Այդ իսկ պատճառով մենք հիմնադրեցինք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը։ Կարծում եմ, անտարբերությունը, ապագայով հետաքրրքված չլինելը կսպանի հայ ժողովրդին, միևնույն ժամանակ, այս ճգնաժամը լավ հնարավորություն է ընձեռում փոփոխությունների հասնելու համար։ Մեր նպատակներից մեկը 50 հազար ընտանիք Հայաստան բերելն է, որոնք կասեն, որ հայաստանաբնակների հետ ուզում են նոր Հայաստան կառուցել», - ասաց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը։

Միջոցառումն ամփոփվեց մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով։