Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թորոսյան Արսենի օրոք որդեգրված այս արատավոր քաղաքականությունը այս նախարարությունը շարունակում է (տեսանյութ)

Պատվաստումները, որպես խանխարգելիչ միջոց, փրկում են կյանքեր, անգամ փրկում են ծայրահեղ ծանր դեպքերում, այս մասին «Մեդիա կենտրոնի» քննարկմանն ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

Նա անդրադարձավ նաև այն կարգավորմանը, ըստ որի՝ աշխատող անձինք պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ քովիդ 19-ի թեստ հանձնեն 14 օրը մեկ. «Կան երկրներ, որոնք պահանջում են 3, 7 օրը մեկ պարտադիր թեստավորում, մենք ընտրել ենք 14 օրը մեկ: Արգելում են ընդ որում ոչ միայն աշխատակիցներին գալ աշխատանքի, այլ ընդհանրապես հասարակական վայր մտնել առանց բացասական թեստի կամ պատվաստված լինելու ապացույցի: Դա լայնորեն կիրառվում է շատ երկրներում և ապացուցել է իր արդյունավետությունը»:

Նունե Բակունցը օրինակ բերեց նաև այն երկրները, որտեղ նախկինում թեստն անվճար է եղել, սակայն այժմ արդեն դարձել է վճարովի:

Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ գործարարների մի ստվար զանգվածի անունից անհամաձայնություն է հայտնում նախարարության դիրքորոշմանը. «Ոչ մի գործատու, համաձայն աշխատանքային օրենսգրքի 133 հոդվածի, իրավունք չունի թեստի բացակայության դեպքում աշխատակցին ազատելու»:

Նա նշեց, որ անցյալ տարի Առողջապահության նախարարությունը միլիարդավոր դրամներ է ծախսել միայն կոնտակտավոր անձանց առանձնացնելու համար, նախարարությունը ստացել էր նաև կես միլիոն դոլար սեփական թեստերն արտադրելու համար, սակայն ո՞ւր են դրանք:

«Արդյունավետ աշխատանք կատարելու փոխարեն արդեն որերորդ տարին է՝ նախարարությունը հանդես է գալիս անտրամաբանական, ոչ հիմնավորված քայլերով և այս օրինաիծն էլ հապճեպ է արված ու հազարավոր բողոքներ է ստանալու գործատուների ու աշխատողների կողմից», - ասաց Աշոտ Բարսեղյանը:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանի խոսքով` չենք կարող պաշտպանիչ միջոցները և սանիտարահիգիենիկ պայմանների կարգավորումն ու դրանց պահպանումը կանխարգելիչ դաշտից տեղափոխել պատժիչ դաշտ, որովհետ դա չի կարող բերել դրական արդյունքի:

«Ինչ վերաբերում է նախագծի իրավաչափությանը, այնտեղ հակասությունների փաթեթ է, որովհետև կան հակասություններ Սահմանադրության հետ, որից պետք է բխեն մնացած բոլոր իրավական ակտերը», - ասաց Վիոլետ Զոփունյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանն էլ անդրադարձավ այն փաստին, որ ԱՆ-ն նշում է, թե մարդիկ ունեն այլընտրանք և ընտրության հնարավորություն` պատվաստվե՞լ, թե՞ ամիսը երկու անգամ թեստ հանձնել: Մինչդեռ թեստերը վճարովի են և կազմում են 9-15 հազար դրամ, իսկ պատվաստումներն անվճար են:

«Այս դեպքում միջին, միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ տացող անձը կամա թե ակամա և անուղղակիորեն դրվում է պատվաստվելու հարկադրանքի առաջ: մեզ կամավոր հարկադրում են պատվաստվելու», - ասաց իրավաբանը: