Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Բժիշկները ակցիա են անում՝ պահանջելով վերացնել Արմեն Չարչյանի կալանավորումը (տեսանյութ)

Բժիշկները կրկին սպիտակ խալաթներով հավաքվել էին ՀՀ Գլխավոր դատախազության մոտ և ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերացնել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԺ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորումը։

Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, վնասվածքաբան Սամվել Սահակյանը նշեց, որ նրա հիվանդությունները բավականին սրվել և խորացել են՝ Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդությունը, որը շատ ծանր է, սակայն կառավարելի, եթե ժամանակին կանխարգելվում են բարդությունները։

«Նրա բոլոր օրգան-համակարգերը ծանր ախտահարված են։ Այսօր հանկարծակի իմացա, որ նաև աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել։ Գոյություն ունի Կառավարության որոշում, որտեղ սահմանվում են այն հիվանդությունների և դրանց բարդույթունների կողմնորոշիչ ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքին կամ պատիժ կրելուն», - ասաց Սամվել Սահակյանը։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ այդ ցանկի միայն մեկ հոդվածին էին համապատասխանում Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այժմ արդեն չորսի է հասել․ «Այստեղ գալու իմաստն այն է, որ մենք հանդիպենք գլխավոր դատախազի հետ և խնդրանքով դիմենք նրան՝ արագ լուծելու այս հարցը»։

Ինչպես տեղեկացրեց Սահակյանը՝ բազմաթիվ պետական այրերի և կառույցների նամակներ են գրել, պատասխան ստացել են ՄԻՊ գրասենյակից, հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ նրա նախաձեռնությամբ, պատասխան են ստացել նաև Առողջապահության նախարարությունից։