Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անողներին (տեսանյութ)

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի՝  Ֆիզգոռոդոկի  բնակիչները  փակեցին  Երեւանի քաղաքապետարանի  դիմացի փողոցը։    Թաղամասում իրականացվող բարձրահարկի շինարարության դեմ բողոքող քաղաքացիները ակցիա էին անում  Երեւանի ավագանու նիստին զուգահեռ։  

 Երբ կաթվածահար եղավ երթեւեկությունը, սկսվեց վիճաբանություն  ցուցարարների եւ  վարորդների միջեւ։   Ոստիկանները   ժամանեցին եւ  ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անողներին։

Քաղաքացիները դիմել են դատարան՝ կանխելու  Ալիխանյան 6/1 –ում շինարարությունը։ Դատարանը դեռ որոշում չի կայացրել, մինչդեռ , ինչպես նշեց բնակիչներից մեկը,  «տապալվում են կանաչ ծառերը, որոնք տնկել ու խնամել են բնակիչները՝ 60 տարի, իսկ այսօր  մտել ոչնչացնում են կանաչ տարածքը։ Եվ դա տեղի է ունենում ոստիկանության, քաղաքապետարանի և մյուս կառույցների աչքի առաջ»։

 Ի դեպ,  բնակիչներից  երկուսը՝ Հայկ  Հարությունյանն ու  Կարեն Ամիխանյանն   արդեն 20 օր է հացադուլ են անում։  Իշխանությունների անտարբերությունը  Հայկ Հարությունյանին դրդել է դիմել առավել ծանր քայլի․  երեկվանից նա նաեւ  ջրադուլ է հայտարարել։ Նա  չորս բերման ենթարկվողներից մեկն էր։

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Գիտավանը նախագծվել ու կառուցվել է Է. Սաֆարյանի նախագծային արվեստանոցում՝ որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր: Այն երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից կազմված համալիր է: Ունի ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր: Ավանի բնորոշ առանձնահատկություններից է ընդարձակ կանաչապատ տարածքը: