Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 550 առանձնատուն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներ, որոնց վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է ԱՀ կառավարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։ Երկրի ղեկավարը հետևել է շինարարության մեկնարկին, տվել համապատասխան հանձնարարականներ։ Շուրջ 550 առանձնատուն ունեցող բնակելի թաղամասերն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022 թվականին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։ Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում, և կառավարությունը ջանքեր չի խնայելու առավելագույնս կարճ ժամանակահատվածում այդ հարցին լուծում տալու ուղղությամբ։

ԱՀ նախագահն ընդգծել է, որ ի լրումն բնակարանաշինության ծրագրերին՝ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։