Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգաին ժողով
A A
Հասարակություն

Հայաստանցիների 63 %-ը գոհ է ԱԺ ընտրության արդյունքներից․ ՄՀԻ նոր հարցման տվյալները

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։

Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է», - ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:

«Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը»:

Այնուամենայնիվ, քառասունչորսօրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ ​իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդիրներից մեկը։

«Հայաստանի ժողովուրդը դեռևս խիստ մտահոգված է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային իրավիճակով, և Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունը մեղմելու համար», - ասաց Նիքսը:

Ինչ վերաբերում է համաճարակին` պատվաստանյութերի վերաբերյալ նախկին տարակուսանքը հանդարտվել է: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48% -ն ասել է, որ արդեն պատվաստվել է՝ (8%), կամ հաստատ մտադիր է պատվաստվել՝ (13%) կամ էլ հավանաբար կպատվաստվի՝  (27%)։

«COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին»,-ասաց Նիքսը:

Մեթոդաբանություն

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից:

Տվյալները հավաքագրվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ ընտրվել են ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ:

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,504   ՀՀ քաղաքացիներից։ Այն ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահասների մոտ 1.2%-ին։

Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 մարզերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար` վստահության 95% մակարդակով։

Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Կլորացման պատճառով գծապատկերների թվերի գումարները կարող են տարբերվել 100 տոկոսից։

Հետազոտությունը իրականացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) աջակցությամբ։