Բացել լրահոսը Փակել լրահոսը
3729_b
A A
Հասարակություն

Դատավորների թեկնածուների վերաբերյալ ԿԿՀ-ն իրականացրել է բարեվարքության ուսումնասիրություն

2021 թվականի օգոստոսի 17-ից 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է 23 դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգում: Նման գործընթաց Հանձնաժողովի կողմից կազմակերպվում է առաջին անգամ, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված պահանջ է:

Բարեվարքության ստուգումը դատավորի թեկնածուի վերաբերյալ համակողմանի ուսումնասիրություն է, որը ներառում է` նրա կրթության, աշխատանքային գործունեության, մերձավոր ազգակցական և բարեկամական կապի, վերջիններիս գույքային դրության մասին տեղեկատվություն, ինչպես նաև թեկնածուի վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Նախքան ուսումնասիրությունը՝ դատավորի թեկնածուն լրացնում է բարեվարքության հարցաթերթիկ, որը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովն իրականացնում է հարցաթերթիկում լրացված տվյալների արժանահավատության ստուգում և հարցումներ կատարում պետական կառավարման մարմինների ու առևտրային բանկերի, դիտարկում նաև շահերի բախման առկայության հանգամանքները: 

2021 թվականի օգոստոսի 23-ին տեղի էր ունեցել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հավակնորդների հոգեբանական թեստավորման գործընթացը, որին մասնակցել էր դատավորի 23 թեկնածու:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով խորհրդատվական եզրակացությունները սահմանված ժամկետում ուղարկվել են  Բարձրագույն դատական խորհուրդ:

Դատավորների թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է Բարձրագույն դատական խորհրդի քվեարկությամբ հարցազրույցի փուլից հետո, որը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից: