Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը (տեսանյութ)

Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին ակտիվ շրջանառվում է դելտա շտամը, որը աչքի է ընկնում ինչպես վարակելիության բարձր աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև ներկայացրեց պատվաստման թվերը՝  ընդհանուր արդեն 267․504 պատվաստում են իրականացրել․ «Օրական պատվաստման թիվն արդեն անցնում է 7 հազարից։ Բավականին ակտիվություն կա և որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում»։

Հոկտեմբերի 1-ից էլ բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը․ «Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները»։

Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիմակներ կրելու ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում կա, սակայն նա կրկին հորդորեց քաղաքացիներին զգոն լինել ու դիմակ դնելու պարզ միջոցառումը պահպանել, ինչն էլ օգնում է կանխել վարակման դեպքերի քանակի ավելացումը։

«Հիվանդանոցներում մենք պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ, բայց սա մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում։ Առաջիկայում էլ աշնան սեզոնն է, որն աչքի է ընկնում ընդհանուր առմամբ հիվանդացության աճով և այս պահին էլ մեր բոլոր բկ-ների վերակենդանացման բաժանմունքները խիստ լարված են աշխատում», - ասաց Անահիտ Ավանեսյանը։