Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լրագրողների ակցիան ԱԺ օթյակում՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. ՈւՂԻՂ (տեսանյութ)

Ազգային ժողովի՝ լրագրողների համար նախատեսված օթյակում այսօր լրագրողներն ակցիա էին իրականացնում՝ փորձելով գրավել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և հանդիպել նրա հետ․ նա այդ պահին ԱԺ-ում ներկայացնում էր Կառավարության ծրագիրը։

Անվտանգության և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ամեն կերպ փորձում են հանդարտեցնել լրագրողներին, վերցնել նրանց տարբեր գրություններով պաստառները, սակայն լրագրողները վճռական էին։ Պաստառներից մեկի վրա, օրինակ, գրված էր՝ «մամուլն այսքան ԱՆազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։

Լրագրողներից մեկը նշեց, որ սա բացառապես լրագրողների իրավունքների համար արվող ակցիա է և պետք չէ քաղաքականացնել այս ակցիան։ Լրագրողների ակցիան ԱԺ դահլիճից նկատել ու բարձրացել էր «Պատվի ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որ նույնպես նախկինում լրագրող է եղել։

Նա նշեց, որ շարունակաբար բարձրաձայնում է լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին հարցն ու առաջիկայում պատրաստվում են քննարկում կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն և՛ լրատվամիջոցների ներկայացուցիչները, և՛ ԱԺ անդամները։  

Լրագրողները Թագուհի Թովմասյանի հեռանալուց հետո դեռ շարունակում էին իրենց ակցիան՝ պաստառներն արդեն փակցնելով օթյակի պատուհաններին այնպես, որ դրանք ներքևից տեսանելի լինեն։ Երկար ժամանակ անվտանգության աշխատակիցները շարունակում էին նրանց հանդարտեցնելու փորձերը։