Պարոն Մինասյան, իրական մանիպուլյանտը Դուք եք․ Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ մանիպուլյացիա է տեղի ունենում ու ամբիոնից խոսում է մարդ, որը գոնե պետք է իր հոր ժառանգությունը կարևոր գնահատեր այս ոլորտում։
«Բնապահպանության նախարարությունը չի կարող և չպետք է կողմ լինի Սևանա լճից որևէ ջուր բաց թողնելուն։ Դա հակաբնապահպանական կլինի, եթե ասի՝ այո, բաց թողեք։ Ինձ համար զարմանալի է, որ նախարարության տեսակետն այստեղ չկա։ 2018թ․-ին նշում էիք, որ 36 հազար հա հողատարածք պետք է ոռոգել, հիմա եթե 31 հազար եք նշում, ուրեմն կա՛մ Ձեր կառավարման տարիներին նվազել է հողատարածքների թիվը, կա՛մ անարդյունավետ ջրառ եք իրականացնում», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը չկարողացավ զսպել իրեն ու ելույթի ժամանակ բավականին բորբոքված արձագանքեց Արծվիկ Մինասյանին․ «Մանիպուլյացիաներից եք խոսում, բայց իրական մանիպուլյատորն այստեղ Դուք եք։ Ներկայացնում եք իրականության հետ կապ չունեցող թվեր ու ներկայացնում եք գեղեցիկ տեքստով, որ հաճոյանաք որևէ մեկին»։
Նա նշեց, որ Արծվիկ Մինասյանը սխալ է ներկայացնում հեկտարները, քանի որ ոչ ոք 36 հազար հա մասին չի ներկայացրել։ Սարգսյանը նաև արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթի այն մասին, թե «այսպես ջուրը տվիք Սևանից, մի օր էլ Սևանը չեղավ, ոնց որ հիմա, օրինակ, Հադրութն ու Շուշին հայկական չեն, այսպիսի պարագայում հետո ումի՞ց պետք է ջուր վերցնեք»։
«Ես սեպտեմբերի 28-ից եղել եմ ռազմի դաշտում, նոյեմբերի 13-ին նոր հետ եմ վերադարձել։ Երբ այն ժամանակ Դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետև երկու ճանապարհները ռմբակոծում էին, ես իմ անձնական մեքենայով վիրավորների ու զոհվածների էի հանում այնտեղից։ ի՞նչ հանձնելու մասին եք խոսում», - ասաց Կարեն Սարգսյանը։
Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց ու բանավեճի վերածվեց Կարեն Սարգսյանի ելույթը։
Հիշեցնենք, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է 2021թ․ ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն քանակը սահմանել 245 մլն մետր խորանարդ։ Գործող օրենքով այն 170 մլն մետր խորանարդ է։