Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայերը մեզ մոտ գալիս են բուսական և վեգանական ուտեստների համար․ հնդիկ ռեստորատոր (տեսանյութ)

Թոնրում պատրաստվում է հնդկական խոհանոցի ամենապահանջված ուտեստներից մեկը՝ Chicken Tica Masala-ն`  համեմունքներով մարինացված կարմիր հավը։ Masala-ն համեմունքների խառնուրդի անվանումն է։

«Հնդկական խոհանոցն իմ կիրքն է։ Ես կարծում եմ՝ այն կարելի է անվանել գիտություն պատրաստելու մասին»,- ասում է ռեստորատոր Դանիշ Նարայանան։

Նա համոզված է՝  հնդկական խոհանոցն աշխարհում հայտնի և սիրված դարձնողը դրա բազմազանություն է, իսկ առանձնահատկությունը՝ համերը։

Համեմունքները  կիրառվում են ըստ Այուրվեդայի կանոնների: Դրանք շատ օգտակար են առողջության համար և չեն կարող վնասել․ «Ձեթն է վնասում»,- ասում է նա։  Սա նաև աշխարհի ամենաբազմազան խոհանոցն է․ Հնդկաստանն ունի 29 նահանգ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ խոհանոցն ու ավանդույթները:

Մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս Դանիշ Նարայանի՝ Հայաստանի հետ ծանոթությունը սկսվել է 28 տարի առաջ։ Մորեղբոր հետ Դուբայից Հայաստան ապրանք էին մատակարարում՝ գրեթե ամեն ինչ։ Հնդկական ռեստորան մեր երկրում առաջին անգամ բացել է 2003 թ-ին․ Տերյան փողոցի վրա «Կարմա» ռեստորանը գործեց մոտ 17 տարի։ Ասում է՝ սկզբում այցելուները քիչ էին, հետո ավելացան, ու որոշել են տեղափոխվել ավելի ընդարձակ տարածք։  Դեռ չեն բացվել։

 «Indian Palace»-ն ավելի երիտասարդ է՝ մոտ երկու տարի առաջ է բացվել։

Խոհանոցի ճաշացանկը ներառում է Հնդկաստանի յուրաքանչյուր նահանգի առավել հայտնի ուտեստները։ 

Ի տարբերություն «Կարմայի», որը  ֆասթ-ֆուդի և բարձրակարգ խոհանոցի միջանկյալն էր, «Indian Palace»-ը Fine Dining կոնցեպտի` լյուքս դասի ռեստորան է։

Տարբերություններ կան նաև ճաշացանկում։ Չնայած այս ամենին՝ այստեղ կարելի է 2 հոգով լիարժեք ճաշել կամ ընթրել՝ վճարելով ընդամենը 10 000 դրամ։ Ամենաթանկը ծովամթերքի տեսականին է, որն արժե 28 000 դրամ։

«Շատ հայտնի հայեր են մեզ մոտ հաճախում, որոնք լավ ծանոթ են մեր խոհանոցին և սիրում են մեր ուտեստները»,- ասում է ռեստորատորը՝ հարցերին պատասխանելով հիմնականում հայերեն։

Հայերն ու ռուսները հիմնականում այստեղ են գալիս բուսական և վեգանական ուտեստների համար, իսկ ըմպելիքներից նախընտրում են մասալա թեյը և մանգոյի լեսին՝ կոկտեյլը։

Կորոնավիրուսը նաև ազդել է այս բիզնեսի վրա։ Ասում է՝  կրճատել է աշխատողների քանակը՝ 55-ից հասցնելով 15-ի, որից 5-ը հայեր են։ Հիմա զբոսաշրջիկներն այստեղ շատ են, ուստի առաջիկայում աշխատողները կավելանան։

Իր կյանքի 54 տարիներից 25-ը Դանիշ Նարայանան ապրում է Հայաստանում․  «Այստեղ մարդիկ լավն են, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ: Բնությունը գեղեցիկ է, ուտելիքները՝ մաքուր ու համեղ»,- ասում է նա։