Բացել լրահոսը Փակել լրահոսը
20210813_194625
A A
Մշակույթ

«Մարդիկ կան, որ նայում են, ասում են՝ սա Հադրութի մեր տուննա»․ցուցահանդես- վաճառք՝ ի աջակցություն պատերազմից տուժած երեխաների

Ունկնդրել դասական երաժշտություն գեղատեսիլ լեռներում, անցկացնել անմոռանալի երեկո գեղեցիկ միջավայրում, և, որ ամենակարևորն է, օգնել երեխաներին, որոնք տեսել են պատերազմի արհավիրքն ու կորցրել հայրենի հողում ապրելու իրավունքը:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվեց  «Երեխաները ուզում են խաղալ» բարեգործական երեկոն, որը կազմակերպվել էր աջակցելու այն երեխաներին, ում ընտանիքները Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ստիպված էին լքել իրենց տները:

20210813_194156.jpg (4.72 MB)

Երեկոյի կազմակերպիչների՝ Moscow Classic Ensemble-ի տնօրեն Մարիա Քալաշյանի և Նանա Մարտիրոսյանի խոսքով, միջոցառման անվանումը պատահական չէր ընտրված: Պատահական չէր նաև երեկոյի թեմատիկ գույնը՝ սպիտակը, որը խորհրդանշում է խաղաղությունը, մաքրությունն ու ներդաշնակությունը:

«Պատերազմը շատերին զրկեց հարազատ օջախից, հարազատներից: Նրանք կորցրել են վստահությունը վաղվա օրվա հանդեպ, կորցրել են իրենց երազանքները, իսկ նրանց երեխաները կորցրել են հոգու անդորրը: Բարի գործերը միավորում են մարդկանց և համախմբում նրանց, ովքեր պատերազմի ընթացքում և մինչ օրս օգնում են կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքներին»,- ասում է Մարիա Քալաշյանը:

Բարեգործական երեկոյի շրջանակում, բացի համերգային ծրագրից կազմակերպել էին նաև արցախցի, մասնավորապես հադրութցի վարպետների և պատանի նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք: Երեխաների ընտանիքները, որոնց աշխատանքները ներկայացված էին, նույնպես տուժել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով:

12-ամյա Անահիտը, որ նկարում է, իր խոսքով վաղ մանկուց, նաև հիմա սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, դաշնամուր ու ֆլեյտա է նվագում: «Նկարել շատ եմ սիրում: Բայց դեռ չեմ կողմնորոշվել երաժիշտ եմ դառնալու, թե նկարիչ: Բայց, որ արվեստի մարդ եմ լինելու, հաստատ որոշել եմ»,-ասում է հադրութցի աղջնակը:  Հիմա միայն Հադրութի փողոցներն ու եկեղեցիներն է նկարում: «Հիմա էլ մեր Հադրութի Օխտը դուռն եմ նկարում։ Մարդիկ կան, որ գալիս, նայում են, ասում են սա մեր փողոցնա, մեր տուննա»,- թախիծը ձայնում անկեղծանում է Անահիտն ու հետո աշխուժանում: «Գիտեք, այսօր ցուցահանդես-վաճառքին ներկայացրած իմ նկարներից գնել են»:

20210813_194617.jpg (5.56 MB)

 

«Եկանք , տեղավորվեցինք, անցավ մի որոշ ժամանակ, հասկացանք, որ Հադրութը կորցրել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Հադրութի ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իրինա Թամրազյանը, ով մասնագիտությամբ նկարիչ է: - Մեր կոլեկտիվի անդամները զանգում էին, հարցնում, հիմա ինչ անենք, ստեղծագործող մարդիկ ենք, առանց մեր գործի չենք կարող, զբաղված որ լինենք, մեր ողբերգության մասին գոնե մի փոքր քիչ կմտածենք: Հադրութում մեզ տարբեր հիմնադրամներ օգնում էին: Հիմա էլ իմ կապերն օգտագործեցի ու հունվարին արդեն ունեցանք մեր կենտրոնը: Սա մեր հինգերորոդ ցուցահանդես-վաճառքն է:

Առաջին ցուցահանդեսը մարտի 15-ին կայացավ, պատմում է տիկին Իրինան, Արա Գևորգյանը օգնեց: Նկարչական նյութերը բերեց հանձնեց խմբակին: 45 սաների գործերը ուղարկեցին Մոսկվա, թվով 80 գործ ձեռագործ ու նկար: Վաճառքից ստացած հասույթով նոր խմբակներ բացեցին:

«Կենտրոնը պետության կողմից չի ֆինանսավորվում: Մենք ստեղծում ենք, վաճառում ու ինքնաֆինանսավորվում: Ֆրանսիայից երիտասարդներ եկան մեր կենտրոն, իրենց նախաձեռնությամբ 46 գործ տարան Բելգիա, վաճառեցին ու այդ գումարը ուղարկեցին մեզ: Կամաց-կամաց խմբակներն ավելացան ու այսօր Արցախի շտաբի շենքում, Նժդեհի 23/1 գործում է Հադրութի երեխաների ստեղծագործության կենտրոնը»:

320 սան ունեն՝ Շուշիից, Քաշաթախից, Քարվաճառից ու նաև Երևանից են, 39 խմբակ և 25 խմբավար, որոնք հադրութցիներ են: Մասիսում, Վանաձորում և Էջմիածինում էլ արդեն խմբակներ են բացել՝ կարպետագործության, գորգագործության ու պարի:

Հովանավորի օգնությամբ, այս ութ ամսվա ընթացքում ձեռք են բերել  կավագործության անիվ և շուտով կբացեն կավագործության խմբակ ևս, որ ունեցել են Հադրութում: «Տերյան մշակութային կենտրոնը» նվիրել է մոլբերտներ ու հիմա երեխաներն արդեն ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ են ստեղծագործում»,- մանրամասնում է տիկին Իրինան:

20210813_200918.jpg (4.11 MB)

Նրա խոսքով, հիմա հադրութցի երեխաները հիմնականում իրենց հայրենի հիշարժան վայրերը, Հադրութի եկեղեցիներն են նկարում:

«Եվ, նրանցից շատերի Հադրութը պատկերած կտավները, պատկերացնում եք, Բելգիայում են գտնվում»,- հպարտությունը չթաքցնելով ասում է նա:

Բարեգործական երեկոյից ստացված հասույթը կուղղվեն արցախցի շնորհալի երեխաների համար երաժշտական գործիքների և համերգային հագուստների ձեռքբերմանը, իսկ ցուցահանդես-վաճառքից ստացված գումարը կտրամադրվի այդ երեխաների ընտանիքներին, ինչպես նաև երաժշտական դպրոցներում ուսման վարձի վճարմանը:

20210813_194131.jpg (4.95 MB)