Գեղարվեստական գրքեր՝ դպրոցական գրադարաններին
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ազգային գրադարանը տեղեկացնում է, որ ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող ՀՀ հանրակրթական դպրոցների գրադարանների համալրման գործընթացը։

2020 թվականից Սյունիքի մարզ այցելությամբ մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և Հայաստանի ազգային գրադարանին ի պահ տրված մեծաքանակ գրականության բաշխման գործընթացը: Այն նպատակ է հետապնդում լուծել մարզերի համայնքային և դպրոցական գրադարանների համալրման խնդիրները՝ աշխուժացնելով գրադարանների գործունեությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանի միջոցով համալրվեցին Երևանի 194 դպրոց և իրականացվեց այցելություններ ՀՀ 10` Սյունիքի, Արարարտի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր։

Դեռևս 2020թ. փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։ Ըստ նախաձեռնության՝ մոտ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացը ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո գրքերը բաշխվեցին գրադարաններին։
Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ: Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ։
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակում, մարզեր այցելությունների ժամանակ մարզպետարաններին հանձնված մեծաքանակ գրականությունը կբաշխվի մարզի քաղաքային և համայնքային դպրոցների գրադարաններին։