Բացել լրահոսը Փակել լրահոսը
236312675_907558806509992_5888193129777431432_n
A A
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Ծովինար Հարությունյանը  Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր:
 
Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:
 
Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում:
 
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:
 
Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել է կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը:
 
Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: