Բացել լրահոսը Փակել լրահոսը
tun
A A
Տնտեսություն

Երևանում աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի համար եկամտային հարկի վերադարձի համակարգը

Երևանի սահմաններում, ըստ գոտիականության և ըստ տարիների, աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հարկային օրենսգրքի» փոփոխություն կատարելու նախագծին։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց` նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի 4 դեպքում` եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (2022 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (2023 թվականի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (2023 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։

Նախարարը հիշեցրեց, որ այս արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի։

 

Նրա խոսքով` այժմ ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում։ Ըստ Խաչատրյանի` օրենքի փոփոխությամբ կառուցապատման աշխատանքները կսկսեն թափ առնել Երևանից դուրս։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարիներին որևէ բնակելի շենք չի կառուցվել։