Սպասում ենք առաջարկների․ Փաշինյանը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է,որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումերի նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Միևնույն ժամանակ, վարչապետը նկատում է, որ այդ գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Վարչապետն այս մասին ասաց ՀՀ կառավարության նիստի մեկնարկին:
Վարչապետը իր ելույթում նշեց, որ Հայաստանի համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողությունների և հայտարարություններից զերծ մնալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը. «Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս:
Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ին կառավարության նիստում այս հարցին անդրադարձել եմ՝ ասելով, որ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը»,- նշեց Փաշինյանը: