
Ոստիկաններին չեն պատժի․ խոշտանգման գործը կարճվել է․ Արայիկ Պապիկյան
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ Քննչական ծառայությունը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել եւ կարճել Սամվել Հասանյանին խոշտանգելու գործը։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Արայիկ Պապիկյանը, կարճման համար հիմք է հանդիսացել ոստիկանության մի շարք աշխատողների ցուցմունքները․ «Դա այն նույն ձեռագիրն է, ինչը տարիներ շարունակ ՀՀ-ում գործում է եւ եղել է։ ՀՔԾ-ում հանգել են հետեւության, որ ոստիկանների ցուցմունքները ճիշտ են այն մասով, որ Հասանյանը բազմաթիվ մարմնական վնասվածները ստացել է մեքենայից իջնելու ժամանակ, երբ նրան փորձել են բերման ենթարկել եւ փռել են ասֆալտին»։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վանաձորի ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ, ինչպես նաեւ բաժնում Սամվել Հասանյանը ստացել էր բազմաթիվ մարմնական վնասվածներ՝ գլխի, որովայնի, դեմքի եւ թեւերի շրջանում։ Դեպքից անմիջապես հետո փաստաբանը լուսանկարներ էր հրապարակել։
Չեն պահպանվել նաեւ այդ օրվա ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի տեսախցիկների տեսագրությունները։ Իսկ սա առաջին դեպքը չէ։
Արայիկ Պապիկյանը վստահ է՝ քննիչը, հսկողություն իրականացնող դատախազը եւ Քննչականի պետ Սասուն Խաչատրյանը շահագրգռված չեն, որպեսզի խոշտանգումով ոստիկան ազատազրկվի։
Նշենք,որ Սամվել Հասանյանը կալանավորվել է գողությանն օժանդակելու հոդվածով՝ երեք ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա։