Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կան սկզբունքային հանձնաժողովներ, որոնց նախագահը պետք է իշխանական լինի․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ընդունելի-չընդունելի լինելու հարցի պատասխանը ՀՀ քաղաքացիները տվել են արդեն։ Այս մասին ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխխոսնակ առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ընտրելու վերաբերյալ իշխանության հայտարարությանը։

Լրագրողը հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանը նշել էր՝ երրորդ փոխխոսնակը «Պատիվ ունեմ» դաշինքից է լինելու, նա պատասխանեց, որ Իշխան Սաղաթելյանին առաջադրելը եղել է ընդդիմության միասնական որոշումը։

Իսկ արդյոք «Պատիվ ունեմ» դաշինքի մասին խոսելով Ալեն Սիմոնյանն ակնարկում էր «իր ընկեր Արթուր Վանեցյանին»․ «Ընկեր ասելով ակնարկում եք, որ մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ քաղաքական առումով աշխատելը դժվա՞ր է լինելու կամ լա՞վ է լինելու։ Ես կարծում եմ, որ Ձեր հարցը անտեղի է»։

Հանձնաժողովի նախագահների վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել և Սիմոնյանը նշեց, որ իրենց գործընկերները դեռ պատրաստ չեն դրան․ «Մենք միշտ բաց ենք քննարկման համար և ես բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ չի կարող լինել այնպես, որ քննարկման չգան։ Եթե չի ներկայացվում որևէ թեկնածու ընդդիմության կողմից, մեխանիկորեն անցնում է իշխող խմբակցությանը»։

Նա նշեց, որ կան սկզբունքային հանձնաժողովներ, որոնց դեպքում իշխանությունը գտնում է, որ նախագահը պետք է իշխանական լինի։ Այդ որոշումն իրենց ներսում ունեն ու պատրաստ են յուրաքանչյուր սցենարի։