Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օրացույց․ 4-ը օգոստոսի․ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն Խորհրդի նախագահ (տեսանյութ)

1990-ի օգոստոսի 4-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն Խորհրդի նախագահ։ Մի քանի վերաքվեարկությունների արդյունքում նա հաղթեց Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին։ Այս հաղթանակը հեղափոխական էր, քանի որ Խորհրդային Միությունը դեռ չէր փլուզվել։

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ընդամենը 6 ամիս առաջ է դուրս եկել բանտից եւ չի զարմանում, որ քաղաքականության մեջ կանայք շատ չեն։«Դիմեք, ընդունենք»,-ասում է նա Բաղրամյան 26-ում հավաքված Կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Վահան Հովհաննիսյանին անծանոթ են գենդերային խնդիրները։

1998-ի այս օրը միանգամից մի քանի ընտանիք տարբեր խնդիրներով հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ եւ պահանջում են արդարություն։Բոլորի պահանջներն էլ ուղղված են դատախազությանը։ Մեկը պահանջում է վճռի կատարում, մյուսը բնակարանի վերադարձ, երրորդը ավանդներն է պահանջում, մյուսներն ուզում են, որ աշխատանքից ազատվի Արմավիրի հացի գործարանի տնօրենը

Նույն օրը Ազգային Ժողովի մոտ «Արմենիա» հյուրանոցային համալիրի արհմիության կոմիտեն պահանջում է Հայաստան վերադարձնել ու դատել Կանադա ճողոպրած առեւտրի եւ արդյունաբերության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանին։ Հյուրանոցի աշխատակիցները կրճատվել են հյուրանոցի սեփականաշնորհման պատճառով։ Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական հանրակացարանի ղեկավարությունը Գավառի մանկատունն ավարտած 5 աղջկա եւ նրանցից մեկի մանկահասակ երեխային մինչեւ սեպտեմբերի 1-ը ժամանակ է տվել սենյակներն ազատելու համար։ Նրանց ընդունած սոցապ նախարարը ապշած է, թե ինչպես են այս աղջիկները գաղտագողի ապրել հանրակացարանում։ Նախարարը մտածում է զարկ տալ մի ծրագրի, որով մանկատնից դուրս եկող ցանկացած երեխա ունենա բնակարան

Հայաստանի ազգային փոքրամասնությունների միության նախագահ Չատոեւի նշանակումը արտգործնախարարի օգնականի պաշտոնում այդ նույն փոքրամասնությունների անդամների սրտով չէ։ Նրանց մի մասը որոշել է դուրս գալ միությունից։ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը չի նահանջում։ Մտադիր է այս անգամ տպագրել «Երեւանյան լուրեր» օրաթերթը։ Նախագահի վերջին ընտրությունից ընդամենը մեկ ու կես տարի հետո Միքայել Հայրապետյանը պատրաստվում է արտահերթ նախագահի արտահերթ ընտրություններին եւ թերթը դրան կօգնի

2000 թվականի այս օրերին մասնագետները Հայաստանի բնակելի ֆոնդի սեյսմակայությունը գնահատում են անմխիթար, մինչդեռ մեր երկրի հնարավոր երկրաշարժերի միջին ուժգնությունը 9 բալ է։ Բնակելի շենքերը հիմնականում կառուցվել են Խորհրդային Միության օրոք եւ դրանք 7-8 բալին հազիվ դիմանան։ Խնդրով զբաղվող միակ գիտահետազոտական ինստիտուտին սպառնում է սեփականաշնորհումը։ Կառավարությունն այլեւս չի ուզում պահել այն։ Տնօրենը կասկած էլ չունի, որ կառավարությունը իրավունք չունի ազատվելու այս ինստիտուտից Վարդաշենի հատուկ կրթահամալիրում, որտեղ սովորում են դժվար դաստիարակվող երեխաները, կրթական բարեփոխումների շրջանակներում մտադիր են ազատվել պատուհանների վանդակաճաղերից։ Երեխաներն այլեւս անկառավարելի չեն.

2000 թվականի օգոստոսի շոգերին կոմկուսում կյանքը թեժ է։ Հերթական առաջնորդներն են լքում կոմկուսը։ Իշխանամետ լինելու մեղադրանքով շարքերից հեռացվում է Ազգային Ժողովի պատգամավոր Յուրա Մանուկյանը, հերթը Գերագույն Խորհրդի նախագահության նախկին նախագահ, Ազգային Ժողովի կոմկուսի խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանինն է։ Վերջինիս ողջույններ է ուղարկում Գենադի Զյուգանովը

2009-ի օգոստոսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է Բ բանտից ազատված «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին: Առաջին նախագահը հետաքրքրվել է Արման Բաբաջանյանի առողջությամբ և նրա առաջիկա ծրագրերով, մաղթել արագ ապաքինում և հաջողություն իր ապագա գործնեության մեջ: 2011-ի օգոստոսի 4-ին իշխանական կոալիցիայի եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ տեղի է ունենում երրորդ հանդիպումը։ Օրակարգում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցն է։ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանական կոալիցիային զգուշացնում է, որ վերջինիս հետ ՀԱԿ-ի երկխոսության ողջամիտ ժամկետը սեպտեմբերին կսպառվի։ Դրանից հետո իրենք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։