Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Դլե Յամանն» ու «Կռունկը»՝ գերմանաբնակ եզդի և քուրդ երգչուհիների կատարմամբ (տեսանյութ)

«Մեկ Հայրենիք, մեկ մշակույթ» խորագրի ներքո, Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոնում կայացավ դասական վոկալի երեկո, գերմանաբնակ սոպրանոներ՝ Դիանա Ամիրյանի և Յուլիա Կարատաշի կատարմամբ։ 

Դիանայի խոսքով՝ երաժշտությունը հայրենիք է բոլորի համար։ Երաժշտությունը սահմաններ ու լեզուներ չի ճանաչում։

Երգչուհին, ով ծնվել է Վրաստանում, ապրել և ուսանել Հայաստանում, ազգությամբ եզդի է, Յուլյան՝ քուրդ։

Դիանան Տաթևիկ Սազանդարյանի մոտ է ուսանել և խոստովանում է, որ մինչ օրս այդ մասին առանց հպարտանալու չի խոսում։ 

Նա վոկալի ստուդիա ունի և նշում է, որ այսօրվա սերունդն ավելի հակված է կատարել ոչ թե դասական, այլ ավելի պոպուլյար երգեր։

Դիանայի ծնողները, եղբայրն ու եղբոր ընտանիքը ապրում են Հայաստանում և երգչուհին հաճախ է գալիս, սակայն համերգով առաջին անգամ է հանդես գալու։

«Եվրոպական կոմպոզիտորների գործերից բացի, նաև Կոմիտաս ենք կատարելու»,-ասում է նա։

Յուլյան, ով արդեն չորրորդ անգամ է Հայաստանում, հիացած է խոհանոցով, մշակույթով, կլիմայով և մարդկանցով՝ ինչպես ընդգծում է՝ հյուրասեր ու սրտաբաց։

«Անգամ չեք պատկերացնում,  թե ինչ հիանալի երկրում եք ապրում»,- ասում է երգչուհին ։-Հիանալի օպերային թատրոն ունեք։ «Անուշ»-ն եմ դիտել ու ասեմ, որ տպավորված եմ։ Իսկ Կոմիտասի մասին կասեմ, որ իմ կոմպոզիտորն է։ Այն զգացողությունը, որ ապրում եմ Դլե Յամանը կատարելիս՝ աննկարագրելի է»։