Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ (տեսանյութ)

Թուրք-ադրբեջանական սադրանքների նպատակը Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելով՝ ՀՀ-ից զիջումներ կորզելն է մի քանի հարցերում՝ նախ՝ Արցախի կարգավիճակի հարցում, ապա, ստիպել, որ Հայաստանը համակերպվի մեր տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելու փաստի հետ։

Այս մասին ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին այս հարցում օգնում է Թուրքիան, որը և՛ Արևմուտքի ծրագրերն է իրականացնում, և՛ իր խաղն է խաղում․ «Իրենք Արցախի և դրա հարակից տարածքների ապագան պատկերացնում էին Սիրիայում առկա մոդելով, քանի որ ռուս-թուրքական պարեկներն այդպիսով հնարավորություն կստանային մտնել նաև ՀՀ տարածք․ թուրքական դիվանագիտության վերջնական նպատակը ոչ միայն Արցախն է, այլև՝ Հայաստանը։

Թուրքիան սպառնալիք է իրեն շրջապատող բոլոր տարածաշրջանների համար։ Բացի այդ, նրա նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, իսկ բոլոր տարածաշրջաններում նա հանդես է գալիս որպես ՌԴ մրցակից, թշնամի։ Թուրքիան արդեն գլոբալ ձգտումներ ունի՝ տնտեսական և ռազմական առումներով»։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը պետք է շատ լրջորեն քննարկի Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ՝ պարզելու համար Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը։

Արևելագետը համոզված է՝ եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել իր հիմնական գործառույթները, ապա շատ լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան։ Ըստ Սաֆրաստյանի՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած՝ Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին որոշումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ում մեր հայրենակիցները շատ լուրջ են աշխատում Կոնգրեսի հետ։ Կարևոր է, որ սենատը միանա այս որոշմանը և այն օրենքի ուժ ստանա։ Ցավոք, Սպիտակ տունը շատ հաճախ չի արձագանքում Կոնգրեսից եկող մեսիջներին․ Ադրբեջանից է սկիզբ առնում ԱՄՆ-ի և Արևմուտքի համար կարևոր Բաքու-Ջեյհան նավթատարը։

Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանը չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը, սակայն և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛ ՌԴ-ն գտնում են, որ ՄԽ աշխատանքները պետք է շարունակվեն․ Արցախի կարգավիճակի խնդիրը լուծված չէ, և սա ճանապարհ է դեպի այդ լուծումը։ Սաֆրաստյանը կարծում է՝ այս մոտեցումը կիսում է նաև Հայաստանը, իսկ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա կտա իր արդյունքները։ Բացի մեր սահմանները պաշտպանել կարողանալուց, պետք է ագրեսորներին դուրս շպրտենք մեր տարածքից, նաև՝ մեծ ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտությանը՝ չսահմանափակվելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարություններով և աշխատելով այդ երկրների լոբբիստական կազմակերպությունների հետ, իրականացնելով թիրախավորված դիվանագիտություն, որը մեծ աշխատանք է պահանջում։

Սաֆրաստյանը վստահ է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է լինի դիվանագիտական ճանապարհով։