Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ հայտարարությունն ինձ է վերաբերվում․ ավագանին ընդունեց աշխատավարձ բարձրացնելու նախագիծը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի ավելացման հարցի մասին տեղեկացնելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ դեմ է իր աշխատավարձի բարձրացմանն ու այսօրվա Երևանի ավագանու արտահերթ նիստում նա նշեց, որ իր այդ հայտարարությունը վերաբերում է միայն իրեն։

«Իմ հայտարարությունը արտացոլում է կոնկրետ իմ սկզբունքները, որ ես ամենախիստ ձևով պետք է ինքս իմ նկատմամբ պահեմ։ Խնդրում եմ որևէ այլ բաների հետ չածանցել դա», - ասաց Հայկ Մարությանը։

Երևանի ավագանիների քվեարկությամբ ընդունվեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը՝ 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և նշել, որ Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ էր հրավիրվելու այս արտահերթ նիստն ու քննարկվելու աշխատավարձերի բարձրացման հարցը։ Հենց այդ գրառման մեջ էր նա անդրադարձել իր աշխատավարձի չափին։

«Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության», - նշված էր գրառման մեջ։