Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր բանակը արժանի պատասխան է տալիս, արդյունքում՝ բնագծի որևէ փոփոխություն չունեցանք․ Սանոսյան (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում այս գիշեր և լուսադեմին փոխհրաձգություն է եղել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր են ընթացել։ Մեկ վիրավոր կա, վնասվածքն ուսի շրջանում է, նրան վիրահատել են և վիճակը նորմալ է։ Կառավարության ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ռուս խաղաղապահներ տեղակայվե՞լ են արդյոք այդ տարածքներում, մարզպետը պատասխանեց՝ ոչ։ Լրագրողը հիշեցրեց, որ ժամանակին հենց մարզպետն է նշել, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ խաղաղապահ զորքեր տեղակայելու կամ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության մասին։ Հարցին՝ ի՞նչ եղան այդ բանակցություններն ու ի՞նչ արդյունք կա, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ բանակցությունների ընթացքի մասին մանրամասներ չի կարող հայտնել, բայց որոշակի գործընթաց եղել է և կա։

«Մեզ մոտ որոշակի դիտարկումներ եղել են, թե որտեղ կարող են տեղակայվել, սակայն թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, չեմ կարող ասել», - ասաց մարզպետը։

Ինչ վերաբերում է խնդրին, որ երեկ լրագրողներին թույլ չեն տվել մտնել Կութ գյուղի տարածք, Սանոսյանը նշեց, որ մուտքը գյուղ փակված է՝ անվտանգությունից ելնելով, որովհետև Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում․ դրանից ու սահմանային վերջին դեպքերից ելնելով՝ նման որոշում է կայացվել։

Երբ մայիսի 12-ին թշնամին ներխուժել էր Սևի լճի տարածք, իշխանությունն ասում էր՝ չենք կրակել, որովհետև նոր պատերազմ կսկսվեր։ Լրագրողը հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ կրակեցին Երասխում, ինչո՞ւ են հիմա կրակում, ի՞նչ փոխվեց մեկ-երկու ամսում, Սանոսյանը պատասխանեց, որ իրավիճակներն այդքան էլ իրար նման չէին։

«Մայիսի պարագայում իրենց ձեռքին կային քարտեզներ, որոնք, իհարկե, դիտարկեցինք ու պարզեցինք, որ կեղծ էին, բայց իրենց գալու նպատակը, իբր, խաղաղ էր և դիրքերի տեղակայման աշխատանք էին անում։ Հիմա ակնհայտ է՝ երբ մեր ուղղությամբ կրակում են, մեր բանակը չի կարող լռել և շատ արժանի պատասխան է տալիս։ Երեկվա գործողությունները դրա մասին են խոսում, ինչի արդյունքում մենք բնագծի որևէ փոփոխություն չունեցանք», - ասաց Գնել Սանոսյանը։