Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանում կառուցվում է «Հերոսների վերականգնողական քաղաք» (տեսանյութ)

Պռոշյան համայնքում արդեն հինգ ամիս է քաղաք է կառուցվում։ «Հերոսների վերականգնողական քաղաք» կոչվող նախագծի հեղինակը հեռուստառեժիսոր Սուրեն Արեենցն է։

Հայաստանում իր տեսակի մեջ եզակի հոգեկան առողջության կենտրոնի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ նպաստել վիրավոր զինվորների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնմանը։

Սկզբում շատերը չէին հավատում, որ Սուրենին կհաջողվի կյանքի կոչել առաջին հայացքից անհնար թվացող այս հսկայածավալ ծրագիրը․ բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ, ֆինանսական աջակցության կատարյալ բացակայություն։ Ընդամենը կար ցանկություն, կար նպատակ, և Սուրենը համառորեն գնաց առաջ՝ դեպի այդ նպատակը։

Ֆեյսբուքյան հարթակում կազմակերպեց դրամահավաք, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս։ Գաղափարը վարակեց հազարավոր սրտացավ մարդկանց՝ թե Հայաստանից, թե Սփյուռքից։

Շինարարական աշխատանքները կատարում են ոչ պակաս սրտացավ վարպետներ, որոնք, հաշվի չառնելով եղանակային պայմանները, փորձում են օր առաջ ավարտին հասցնել կարևոր այս կենտրոնի կառուցումը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանն ունի 19,000-ից ավելի վիրավոր զինվոր, որից 9000-ը՝ զինհաշմանդամ է։