Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Թուրքմենիայի և անգամ Վրաստանի հետ համեմատած Հայաստանը շահեկան վիճակում է․ ճարտարապետ Պոլ Վոլկենշտեյն (տեսանյութ)

«Խորհրդային շրջանի հայկական ճարտարապետության ժառանգությունը երկրի հիշողության հիմնարար մասն է կազմում և այն պետք է պաշտպանվի ու պահպանվի»,- Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում հանդիպման ժամանակ իր ելույթում ընդգծեց ֆրանսիացի ճարտարապետ Պոլ Վոլկենշտեյնը։

ԻՆԱԼԿՈ-ի դոկտորանտ երիտասարդ ճարտարապետը, ով ուսումնասիրում է խորհրդային տարիների սոցիալիստական մոդեռնիստական ճարտարապետությունը Անդրկովկասի և Միջին Ասիական հանրապետություններում, ներկայացրեց իր հետազոտությունները Երևանի՝ 1960-80 ականներին կառուցված խոշոր հուշարձանների վերաբերյալ, մասնավորապես, Կասկադ համալիրի, «Ռոսիա» կինոթատրոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, մետրոյի կայարանների, նաև՝ ցավոք այսօր գոյություն չունեցող կամ խեղաթյուրված կառույցների վերաբերյալ։

Երեք ամիս է Հայաստանում է։ Գյուլբենկյան հիմնադրամն է ֆինանսավորել այս ուսումնասիրությունը անցկացնելու համար։ Պոլն իր շնորհակալությունը հայտնեց Արթուր Թարխանյան կենտրոնին, Կարեն Դեմիրճյան թանգարանին և Հայաստանի ազգային արխիվին, որոնք բացեցին ֆոնդերը ուսումնասիրությունների համար, նաև ճարտարապետներ Կարեն Բալյանին, Մկրտիչ Մինասյանին, Հրաչ Պողոսյանին, Սաշուր Քալաշյանին, Արշավիր Աղեկյանին։

«Իմ ամենակարևոր հետևությունն այն է, որ այս տարիների հայկական մոդեռնիստական կառույցները շատ ազգային են։ Նաև եթե համեմատենք հետխորհրդային երկրներում պահպանված մոդեռնիստական ճարտարապետական ժառանգության հետ, օրինակ, Թուրքմենիստանի և անգամ Վրաստանի հետ, Հայաստանը շահեկան վիճակում է», - ասաց Պոլ Վոլկենշտեյնը։