Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Ես լավ գիտեմ, թե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից Մոուրինյոն. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Sky Sport հեռուստաալիքին: Ահա հատվածներ այդ հարցազրույցից:

 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալ տարվա համեմատ ավելի լավ հանդես գանք: Հնարավորինս արագ արեք հնարավորը: Ես ակնկալում եմ ավելի լավ լինել, քան նախորդ տարի»:

 

- Ինչու՞ մնացիր «Ռոմայում»:

 

- Առաջին օրվանից ասել եմ, որ շատ եմ սիրում «Ռոման», քաղաքը, թիմը: Այդ իսկ պատճառով ևս մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ հավատում եմ, որ այս թիմով կարող ենք ինչ-որ բանի հասնել:

 

- Կարող եք պարզաբանել, թե ինչպիսի՞ մարզիչ է Մոուրինյոն:

 

- Նա մեծ հավակնություններ ունեցող մարզիչ է, միշտ ցանկանում է հաղթել: Նրան ոչինչ չի հետաքրքրում, կարևորը հաղթելն է, անկախ նրանից՝ լավ ես խաղում կամ վատ: Բոլորը գիտեն, որ նա հաղթել է գրեթե ամեն ինչ, ուստի հույս ունենք, որ «Ռոման» նույնպես ինչ-որ տիտղոս կնվաճի, քանի որ նա մեծ մարզիչ է, որը կարողանում է ավելին տալ ֆուտբոլիստներին: Ես չեմ ուզում նրա հետ խոսել անցյալի մասին: Մենք միասին խոսեցինք և որոշեցինք ամեն ինչ սկսել զրոյից: Ես նրան շատ լավ եմ ճանաչում և գիտեմ, թե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից: Ես պատրաստ եմ դրան:

 

- Որո՞նք են այն երեք ուժեղագույն խաղացողները, որոնց հետ խաղացել եք:

 

- Առաջինը Իբրահիմովիչն է` իր բարձր կարգով ու ֆուտբոլի ընբռնմամբ: Ապա Պոգբան է: Նա ուժեղ խաղացող է, սակայն թերագնահատված, բայց կարողանում է փոփոխություն մտցնել խաղի մեջ: Երրորդն Օբամեյանգն է, քանի որ մենք իրար լավ էինք հասկանում, երբ խաղում էինք «Արսենալում» և Դորտմունդի «Բորուսիայում»:

 

- Ո՞վ է գալիք տարի նվաճելու Սկուդետոն Իտալիայում:

 

- Դա կլինի նույնքան դժվար, որքան այս տարի էր: Հետաքրքիր կլինի, քանի որ բոլոր թիմերը լավ են պատրաստվել: Ես չեմ տեսել մյուս թիմերին, ուստի պետք է կենտրոնանանք մեր թիմի խաղի վրա և խոսենք մեր մասին: Կարևոր է իմանալ, թե ուր ենք գնում և ինչ ենք ուզում: Մենք երեք տարի չենք խաղացել Չեմպիոնների լիգայում, և դա մտահոգիչ է: Պետք է ավելի շատ աշխատենք և հավատանք, որ կարող ենք դուրս գալ Չեմպիոնների լիգա:

 

- Ում կտայիք այս տարվա «Ոսկե գնդակը»:

 

- Հավանաբար Ժորզինյոյին, քանի որ նա «Չելսիի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Իտալիայի հետ հաղթել Եվրոպայի առաջնությունում, կամ Մեսիին, որը 28 տարի անց Արգենտինային դարձրեց Ամերիկայի գավաթակիր: