Բացել լրահոսը Փակել լրահոսը
gas-car-fueling-10jpg
A A
Տնտեսություն

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ պաշտոնական արձագանք

Հեղուկ գազի թանկացումը վերջին օրերին վարորդներին անհանգստացնող ամենաարդիական խնդիրն է դարձել։  Ըստ վարորդների՝  1 լիտրը նախկինում գնում էին 170-200 դրամով, հիմա վաճառվում է  280 դրամով։

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում իրենց մտահոգությունները  վարորդները նշում են, որ որոշ լցակետերում անգամ սահմանափակ քանակությամբ են հեղուկ գազ լցնում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի օգնական, մամուլի խոսնակ Անի Սմբատյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնում է միայն այդ դեպքում, երբ ապրանքային շուկայում կա(ն) գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ(ներ) կամ առկա է հակամրցակցային համաձայնություն:

«Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա», - ասաց նա։

Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, ապա, ըստ նրա, դրանք բնորոշ չեն ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին:

Հանձնաժողովը նաեւ մի շարք ճշգրտումներ է իրականացրել  հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:

 «Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող  գործընթացներով, մասնավորապես  համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:

ՄՊՀ աշխատակիցները  բանավոր զրույցներ են ունեցել  նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում  հեղուկ գազի մանրածախ  գինը կազմում է  185- 220 դրամ, Վրաստանում՝  220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում)»,- հայտնեց նա։