Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պայթած խողովակներ Ավանում․ «Վեոլիա Ջուր»-ն ասում է՝ ով ջրագիծն անցկացրել է, թող ինքն էլ նորոգի (տեսանյութ)

Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի առաջին նրբանցքով արդեն 2 ամիս է՝ հոսում է խմելու ջուրը։ Երկար ժամանակ հոսելու հետևանքով որոշ մասերում ջուրն անգամ կանաչել է։ Բնակիչներն ահազանգում են՝ խողովակներն են վնասվել ու մոտ են կոյուղագծերին․

«Նախ կամաց ա գալիս ջուրը ծորակից, համ էլ վախենալով ենք օգտագործում։ Եռացնում ենք ջուրը, դնում ենք սառնարանը, որ սառի, նոր օգտագործում ենք։ Խանութներից ջուր ենք առնում, բերում ենք, որ երեխեքը խմեն։ Լողանալուց տաքացնում ենք ջուրը, նոր լողանում ենք», - ասում է բնակիչներից մեկը։

Բնակիչները խոսում են կադրից դուրս։ Ասում են՝ դիմել են  իրավասու կառույցներին, սակայն բոլոր տեղերից մերժումներ են ստացել․ 

«Դիմել ենք «Վիեոլա Ջուր», ասել ենք հասցեն, մեկ շաբաթ հետո ասել են՝ դուք պետք է անեք, թաղապետարան զանգել ենք, ասել ենք խնդիրը, իրենք էլ ասել են՝ «Վիեոլա Ջուրն» է։ Քաղաքապետարանի թեժ գիծ ենք զանգել, ներկայացրել ենք խնդիրը, մեզ ասել են՝ եկեք գրավոր դիմումը ներկայացրեք, կպատասխանենք»։

«Վեոլիա Ջուր» ընկերության Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ  այդ խողովակները տարիներ առաջ անցկացրել են հենց բնակիչները, ուստի իրենք նորոգելու կամ փոխելու համար պատասխանատվություն չեն կրում։ 

Ավելին, մի քանի օրից  իրենք օրենքով սահմանված կարգով ծանուցում են ուղարկելու բնակիչներին, որ վերջիններս պարտավոր են 10 օրվա ընթացքում նորոգել ջրագծերը, այլապես «Վիեոլա Ջուրը» ստիպված կլինի խցանափակել խողովակները՝ հանրային առողջության համար վտանգ պարունակելու հիմքով։ 

Ավան վարչական շրջանի թաղապետարանից նույնպես պատասխանեցին, որ այդ խողովակների նորոգումը բնակիչների պարտավորությունն է։  

Իսկ բնակիչներն ասում են՝  երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունից ստանան ծանուցումը, դիմելու են դատարան։