Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (6)
A A
Սպորտ

Լարվածություն չկա, մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին․ «Արարատի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» վաղը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում կհանդիպի լեհական «Շլյոնսկ» թիմի հետ։ Հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։

 «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այդ առիթով այսօր առցանց պատասխանել է լրագրողների հարցերին։

- Ի՞նչ վիճակով է թիմը մոտենում խաղին ու արդյոք հանդիպմանը պատրաստ են Խուան Բռավոն և Ալիկ Առաքելյանը։

- Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։

- Ինչպե՞ս կգնահատեք հնարավորությունները վաղը խաղում։

- Հնարավորությունները գնահատում եմ 50/50։

- Արդյոք պատրաստվում եք վաղն ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխան խաղում Լեհաստանում ավելի դժվար է լինելու։

- Մենք միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Ինչպես գիտեք Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալանսավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում։

- Կհամեմատե՞ք «Շլյոնսկին» ու «Ֆեհերվարին»։ Կարծո՞ւմ եք, որ «Շլյոնսկի» հետ խաղն ավելի հեշտ կարող է դասավորվել։

- Ֆուտբոլում չկան հեշտ հանդիպումներ, հատկապես եվրագավաթային խաղերում։ Ըստ իս՝ «Ֆեհերվարն» ու «Շլյոնսկը» խաղամակարդակով հավասար են, հետևաբար շատ դժվար հանդիպում է սպասվում։

- Ի՞նչ կասեք «Շլյոնսկի» ուժեղ և թույլ կողմերի մասին։

- Չեմ ցանկանում բացել «չակերտները», ուսումնասիրել ենք մրցակցին, դիտել ենք վերջին հանդիպումները։ Կասեմ, որ ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է։

 

- Արդյոք ոչ-ոքի արդյունքը վաղվա խաղում կբավարարի Ձեզ։

- Չեմ ցանկանում կանխագուշակություններ անել։ Մենք ունենք հստակ ծրագիր խաղի համար։ Թե որքանով կաշխատի մեր մարտավարությունը, ցույց կտա խաղը։ Հետևաբար՝ վաղվա խաղի արդյունքի մասին կխոսեմ հանդիպումից հետո։

-  Սերժ Դեբլեն նախորդ խաղերում անցկացրեց 37 և 54 րոպե։ Ե՞րբ նա պատրաստ կլինի խաղալ 90 րոպե ու որքանով է թիմի խաղաոճը կախված նրա ներկայությունից։

- Կարճ ժամանակում հնարավոր չէ ֆուտբոլիստին պատրաստել 90 րոպե խաղալու համար։ Շտապելու դեպքում վնասվածք ստանալու հնարավորություն կա։ Դեբլեն պրոֆեսիոնալ է ու «Ֆեհերվարի» հետ խաղից հետո մոտավորապես 1 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար։ Այդ ժամանակը աշխատում է հօգուտ Դեբլեի։ Շաբաթվա ընթացքում, թեկուզ մի փոքր, բայց կարողացել ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը։ Այս խաղում, ամենայն հավանականությամբ, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում շատ կարևոր է, այդ թվում նաև Դեբլեն։ Նա հարձակման գծի խաղացող է ու հույս ունենք, որ վաղը կկարողանա արդյունավետ խաղով աչքի ընկնել։ Մեզ համար, սակայն, կարևոր է թիմային խաղը։

- Դուք Եվրագավաթներում որակավորման փուլ հաղթահարելու մեծ փորձ ունեք: Բայց այն փաստը, որ «Արարատը» 22 տարի անց առաջին անգամ է որակավորման փուլ  հաղթահարել, ավելորդ լարվածություն և պարտավորվածություն չի՞ առաջացնում:

- Միգուցե առաջին փուլից առաջ կար մի փոքր լարվածություն, բայց հիմա չեմ կարծում, որ այդ փաստի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Դա չի խանգարի մեզ․ չկա նման լարվածություն այլևս։ Այսօր մենք մտածում ենք, որ լավ խաղով կարողանանք հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտան խաղերը։

«Արարատ» ՖԱ մամուլի ծառայություն