Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Միլիարդատերերի մրցավազք. Ջեֆ Բեզոսը հաջողությամբ տիեզերք է թռել New Shepard տիեզերանավով

Amazon ընկերության հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսը այսօր՝ հուլիսի 20-ին հաջողությամբ տիեզերք է մեկնել New Shepard տիեզերանավով, որը կառուցել է նրա Blue Origin ընկերությունը։ Այս մասին գրում է BBC-ին։
 
Ըստ աղբյուրի՝ «New Shepard» տիեզերանավի թռիչքը Տեխասի Վան-Հորն քաղաքի անապատից մեկնարկել է տեղական ժամանակով 09:12-ին (Երևանի ժամանակով՝ 17:12-ին): Երկու րոպե անց տիեզերանավը անջատվել է հրթիռից և կարճ ժամանակով թռչել է տիեզերք, որից հետո հրթիռը վայրէջք է կատարել հետ քաշվող ոտքերի վրա, իսկ քիչ անց երկիր է վերադարձել նաև «New Shepard» տիեզերանավի պատիճը (կապսուլան), որն իջել է պարաշյուտով:
 
«Խոսում է տիեզերագնաց Բեզոսը։ Սա լավագույն օրն է»- ասել է միլիարդատերը՝ վայրէջք կատարելուց հետո: 
 

Բեզոսի հետ տիեզերք են թռել նաև նրա եղբայրը՝ Մարկ Բեզոսը, 18-ամյա ուսանող Օլիվեր Դեմենը և 82-ամյա Ուոլի Ֆանքը, որը 1960-ականներին կին օդաչուների հետ հասարակական շարժում էր նախաձեռնել՝ կանանց նույնպես տիեզերք ուղարկելու պահանջով:

«New Shepard» տիեզերանավը կառուցել է Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերությունը, որի նպատակը տիեզերական զբոսաշրջությունը զարգացնելն է: