Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչատուր Սուքիասյան
A A
Հասարակություն

Խաչատուր Սուքիասյանը երեկվա կրակոցների մասին հայտարարություն է տարածել

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը երեկ Երևանում հնչած կրակոցների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- ասվում է Սուքիասյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝  Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ. հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Քննչական կոմիտեն անուններ չի հայտնել, իսկ մամուլում տեղեկություններ կան, որ  կրակոցներ արձակած անձը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։