Թող իշխանությունն իր օրինակով ցույց տար պարտությունից հետո հեռանալը․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը պատերազմի մեջ է և Ադրբեջանը ոչ թե հրահրելու է նոր պատերազմ, այլ նոր գործողություններ։ Ասուլիսում այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը նոր բախումներ է մտադիր հրահրել», Թևան Պողոսյանը նշեց, որ առանց հրապարակայնորեն դրա մասին հայտարարելու բոլորին այդ հանգամանքն արդեն իսկ պարզ էր։
«Ի՞նչ է անում Հայաստանն ու հայ ազգն իր շահը առաջ տանելու համար։ Պատկերացրեք ձևակերպումը՝ երկրի ղեկավարն ասում է՝ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների․․․ սա անհասկանալի է ոչ միայն փորձագիտական և ներքին դաշտի համար, այլև միջազգային հանրության։ Եթե այդ տեղեկությունները տրամադրում են պետական ինստիտուտները, ուրեմն պետության ղեկավարը հպարտություն է ունենում ասելու՝ ես ունեմ այնպիսի պետական ինստիտուտներ, որ տալիս են տեղեկություններ և դա ձևակերպվում է՝ ըստ հավաստի աղբյուրների, համաձայն մեր անվտանգության ծառայությունների», - ասաց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այդ ձևակերպումը խոսում է այն մասին, որ մենք չունենք պետականություն, պետական ինստիտուտների աշխատանք։ Այդ նոր բախումների մասին ասում է նաև հենց Ադրբեջանը, նրանք պաշտոնապես հայտարարում են դա, իսկ թե ինչու է վարչապետի պաշտոնակատարը նշում այդ ձևակերպումը՝ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Թևան Պողոսյանը չի կարողանում հասկանալ։
«Ա1+»-ի հարցին, թե որքանով է Հայաստանը պատրաստ նոր բախումներին, նա ասաց, որ եթե այն հրամանատարական շղթան, որը բերել է պատերազմը տանուլ տալուն, մնում է, լավ բանի սպասել չի կարելի․ «Պետք է ուսումնասիրել սխալները, փոխել հրամանատարությունը և փորձել գործողություններ ձեռնարկել հաջորդ բախմանը պատրաստվելու համար։ Ինչ-որ տեղ փոփոխություն տեսե՞լ եք։ Սկսվում է ամենավերևից, բայց այնտեղ ինչ-որ բա՞ն է փոխվել»։
Երբ հաղթանակ ապահոված զորավարներին հանում են, նշեց Թևան Պողոսյանը, և բերում են ոչինչ չարած մարդկանց, դժվար է խոսել նոր բախումներին պատրաստվելու մասին։
«Հիմա ավելի վատ է լինելու, քան սեպտեմբերի 27-ից։ Ալիևը զարգացնում է բանակը, զենք է առնում, դուխ է տալիս իր ժողովրդին, միջազգային հարթակներում հասցնում է, որ ինքը ճիշտ է արել և իր խոսքերին հակադարձումներ չկան», - ասաց Թևան Պողոսյանը։
Թե ինչով են կապված Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ՝ Պողոսյանը նշեց, որ դրանք ռեպրեսիաներ են. «Հիմա ամենահարմար պահն է. ընտրություններից հետո մարդիկ շոկային իրավիճակում են, իսկ 6 ամիս անց հանրությունն ավելի սառը կդատի ու կսկսի իր ձայնն այլ ձևով բարձրացնել»։
Ցանկացած հայի պակասություն Սյունիքում, նրա խոսքով, թեկուզ և 5 մարդու պակասը կարող է խնդիրներ առաջացնել և պակասեցնել Սյունիքի անվտանգությունը։ Բացի ֆիզիկական բացակայությունից, դրանից հետո որոշ մարդիկ կվախենան, որոշները կնեղանան կամ կթշնամանան, ու նաև դա կազդի անվտանգության վրա։
«Գործող իշխանական մարզպետներից մեկն ասում է՝ բոլոր այն համայնքապետերը, որ խայտառակ պարտություն են կրել քաղաքական պայքարում, պետք է հեռանան, բայց նոյեմբերի 9-ը քաղաքական հաղթանա՞կ էր։ Թող իշխանությունն իր օրինակով ցույց տար պարտությունից հետո հեռանալը», - ասաց Թևան Պողոսյանը։