Բացել լրահոսը Փակել լրահոսը
170721NavasardAGRO (2)
A A
Տնտեսություն

Մեկնարկել է Մաճկալաշենում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ  ԱԳՐՈ» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերության, ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի  նախարարությունների  և Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր  և  նպաստել գյուղտնտեսական արդյունքի ստեղծմանը,  գյուղացիների զբաղվածության և եկամուտի  խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն – մասնավոր հատված – համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունն ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000 - 150 000 դրամ եկամուտ:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ծրագրի բարեհաջող ընթացքի հիմնական շահառուն, ինչ որ իմաստով նաև պատասխանատուն, սահմանամերձ համայնքի բնակիչն է, ում սոցիալական վիճակի շարունակական բարելավումը հանդիսանում է Արցախի իշխանությունների գերխնդիրը։