Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանի վախով ստիպեցին, որ ժողովուրդն ընտրի Փաշինյանին․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության ընդունումը կեղծ օրակարգ էր, որ հաստատեց անձնիշխանությունը Հայաստանում։ Ասուլիսում այս կարծիքն ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Արթուր Այվազյանը։

Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ ամեն 10 տարին մեկ երկրի ղեկին անցնող յուրաքանչյուր իշխանավոր իր համար սահամանում էր նոր Սահմանադրություն և ավելի հաստատում իր ինքնիշխանական դրսևորումները։

«Կեղծ օրակարգերից հաջորդն այն էր, որ Հայաստանը Ռուսաստանին կոչեց որպես ստրատեգիական միակ դաշնակից և հրաժարվեց բազմավեկտոր քաղաքականություն վարելուց և ամբողջովին իրեն հանձնեց Ռուսաստանի խնամակալությանը, որի բացասական հետևանքներն այսօր հայ ժողովուրդը տեսնում է», - ասաց Արթուր Այվազյանը։

Այսօր Հայաստանն ավելի բարդ մարտահրավերի առջև է կանգնած, նշեց Այվազյանը, քանի որ խոսքը գնում է հայոց պետականության գոյության մասին, և այս իշխանությունները՝ իրենց կեղծ ընդդիմություններով հանդերձ, ի զորու չի լինելու այդ մարտահրավերին դիմակայելու․ «Միայն Ազգային-ժողովրդավարական բևեռն է ի զորու լինելու լուծել պետության ու հայ ժողովրդի առջև ծառացած այս իրավիճակը և ունի ծրագիր, հաստատակամություն՝ այն իրականացնելու համար։ Մենք չենք կասկածում, որ հաջողելու ենք»։

Այս պատերազմը, որը ԱԺԲ ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի կարծիքով, պայմանավորված էր, սպասարկում էին այս իշխանություններն ու կեղծ ընդդիմությունը։ Նույն կերպ նրանք սպասարկում են, ինչպես նշեց Ավետիսյանը, այժմ մեր սահմաններին կատարվող գործընթացները՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին, որ ավարտին հասցվի Արցախի օտարումն ու ՀՀ ինքնիշխանության կլանումը։

Ընտրությունների մասին խոսելիս Վարուժան Ավետիսյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած ձայները չեն վկայում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին։

«Թեպետ դրանք կեղծիքով են հասցվել մեծամասնության, սակայն ձայների մի մասը հետևանք են հիբրիդային պատերազմի՝ քարոզչական-հոգեբանական, որը Մոսկվան իրականացնում է նախկինների և ներկաների ձեռքով։ Հունիսի 18-ին տեղի ունեցած Քոչարյանի բերովի, կեղծ հանրահավաքի միջոցով կարողացան հասարակության լայն շերտերին վախ ներշնչել, որ Քոչարյանը կգա և այդ խրտվիլակի վախով ստիպեցին, որ ժողովուրդը գնա և ընտրի Նիկոլ Փաշինյանին ու նրա ուժին», - ասաց նա։