Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0143241
A A
Հասարակություն

Երբ չկան պարտավորություններ, հավասարակշռված լուսաբանման մասին խոսք լինել չի կարող․ Բորիս Նավասարդյան

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի, քարոզարշավի դու դրան հաջորդող օրերի լուսաբանումն ամբողջությամբ եղել է Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման կենտրոնում։ Երեք փուլով անցկացրած մշտադիտարկման արդյունքները քննարկման ընթացքում ներկայացնելիս ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ կենտրոնացել էին 7 լրատվամիջոցների վրա, որոնք ամենամեծ տարածում ունեցողներն էին՝ «Հանրային» հեռուստաընկերությունը, «Արմենիան», «Շանթը», «Կենտրոնը», «Երկիր Մեդիան» և ATV-ն, որոնք այս տարվա հունվարին ստացել են համապետական հեռարձակման լիցենզիաներ, յոթերորդ լրատվամիջոցը «Հանրային» ռադիոն էր։

 

«Հետևություններից մեկն այն է, որ բավականին կարճ էր քարոզարշավի ժամանակը, որ բոլոր ուժերը կարողանային ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Երբ ունենում ենք արտահերթ ընտրություններ, նախատեսված են քարոզչության համար շատ կարճ ժամանակահատվածներ։ Դա կարևոր է,  քանի որ իրական քարոզարշավը սկսվում է շատ ավելի վաղ, քան հենց պաշտոնականը և այդ ընթացքում լրատվամիջոցները հստակ պարտավորություններ չունեն ընտրությունների հետ կապված», - ասաց Բորիս Նավասարդյանը։

Նա նշեց, որ այդ փուլում, երբ չկան պարտավորություններ, հավասարակշռված լուսաբանման մասին խոսք լինել չի կարող։ Այն թվերը, որ ստացել էին մինչ քարոզարշավը ընկած ժամանակի հետ կապված և բուն քարոզարշավի ընթացքում, շատ էին տարբերվում։ Մինչև ընտրությունների շրջանը մասնակցող միայն 7 քաղաքական ուժերն էին լուսաբանվում մեր հեռուստաընկերությունների կողմից։

«Մեր ընտրությունների պատմության մեջ սուր պայքարի պայմաններում մեր ուսումնասիրած լրատվամիջոցները հնարավորինս աշխատում էին բացառել  ատելության խոսքը, եթե դա ուղիղ եթեր չէր, միևնույն ժամանակ փոխանցել նախընտրական քարոզչության բովանդկությունը: Դա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն էր», - ասաց նա։

Նա դրական համարեց, որ մեզ մոտ ամրապնդվում է մեծ հեռուստաբանավեճերի ֆորմատը, սակայն հաշվի առնելով քաղաքական լարվածությունը, 2018թ.-ի բանավեճն ավելի կայացած էր, քան այս տարի։

Բորիս Նավասարդյանը շեշտեց, որ եթե բանավեճերը լինեին ըստ Երևանի մամուլի ակումբի՝ Հանրայինին ներկայացրած կանոնների, ապա բացականերն այդքան շատ չէին լինի։

«Տարբերությունն այն էր, որ միջազգային փորձը հուշում է՝ բանավեճերը հետաքրքիր է անցնում, երբ դրանց մասնակցում են ոչ թե մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչները, այլև հարցեր կարող են հղել նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այդպիսի փորձ, բայց մի փոքր անհաջող, ունեցանք Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի բանավեճի ժամանակ», - ասաց Բորիս Նավասարդյանը։

Ամենաակտիվ հեռուստաալիքը, ըստ ներկայացրած մշտադիտարկման,  «Երկիր Մեդիան» էր, երկրորդ տեղում Հանրայինն է,  երրորդում՝ Շանթը, չորրորդում՝ Կենտրոնը, հինգերորդում ՝ Հանրային ռադիոն, վեցերորդը՝ Արմենիան, յոթերորդը՝ ATV-ն։

«Արմենիան և ATV-ն մնացածից բավականին հետ էին ընկել ու այդ երկու հեռուստաընկերություններն ավանդաբար քաղաքական իրադարձություննեը բավականին քիչ են լուսաբանում։ Շանթն ուներ ամենահավասարակշռված լուսաբանումը», - ասաց Բորիս Նավասարդյանը։