Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» մեծ դժվարությամբ հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը:
Այսօր կայացած պատասխան խաղում ալաշկերտցիները հյուրընկալեցին Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Քանի որ առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ, ուստի մրցավարը ավելացրեց ժամանակը: Հենց լրացուցիչ խաղակեսի 113-րդ րոպեին «Ալաշկերտին» հաջողվեց գոլ խփել: Աչքի ընկավ ընդամենը մեկ րոպե առաջ փոխարինման մտած Վինսենտ Բեզեկուրը:
Հավելենք, որ հանդիպումն անցավ եղանակային դժվար պայմաններում, քանի որ առաջին խաղակեսի կեսից սկսած անդադար հորդառատ անձրև էր տեղում:
Այդպիսով, մեր թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց 1:0 հաշվով և մտավ հաջորդ` որակավորման 2-րդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը»:
Այդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 20-21-ին և 27-28-ին: Երկրորդ փուլի հաղթողները նվազագույնը կմասնակցեն կամ չեմպիոնների, կամ Եվրոպայի կամ Կոնֆեդերացիաների լիգայի խմբային փուլերից մեկին: