Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ավինյանը՝ Ալիեւի հայտարարությունների, գերիների, սահմանային միջադեպի եւ հետագա պաշտոնավարման մասին (տեսանյութ)

Արցախի կարգավիճակի հարցը առաջնահերթություն է և քանի դեռ այն վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, այլ լուծումների մասին դժվար կլինի խոսելը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես են մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը պատրաստ չէ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը:

Նա նշեց, որ իրենք կարևորում են բանակցային գործընթացը, ինչպես նաև այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում.

«Բայց, վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ Արցախի ու Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»:

Ադրբեջանական կողմը, Ավինյանի խոսքով, հրապարակային հայտարարությունից զատ որևէ այլ խողովակով ինֆորմացիա չի տրամադրել. «Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ չկա»: