Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ նախագահը արձագանքեց Դավիթ Հարությունյանի սուր ելույթին (տեսանյութ)

Դատաքննության ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած 8 թեզերից ոչ մեկի դեմ քննադատությանը
դիմացող հակափատարկներ չեն եղել: Այս կարծիքը Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների
արդյունքները բողոքարկող դիմումների քննության ընթացքում եզրափակիչ ելույթում արտահայտեց դաշինքի
ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի ներկայացրած առաջին թեզի` ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման
սպառնալիքը, մարդկանց հոգեբանական նվաստացումը որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ ազատ
ընտրությունների սկզբունքի հետ:

«Որքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդի, որ Փաշինյանի խոսքն իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով գալու ենք ձեր հետևից» և այլն, կարող են տեղի ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում և կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Երկրում ստեղծված ատելության և բռնության մթնոլորտում, նրա խոսքով, ՄԻՊ արձագանքը կարծես թե պետք է սթափեցնող լիներ առաջինը հենց իշխանության համար, սակայն դատավարության ընթացքում ակնհայտորեն նկատվեց ՔՊ-ի կողմից ՄԻՊ արձագանքն արժեզրկելու և նրա կարևոր դիտարկումները անիմաստ քննարկման վերածելը:

Նրա խոսքով` ստեղծվել էր ոչ միայն սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտ, այլև սպառնալիքներն իրապես կյանքի էին կոչվում. «Հենց երկու օր առաջ պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հետ տեղի ունեցածը, երբ ոստիկանությունը կամավոր ներկայանալուց հետո նրա նկատմամբ կիրառում է ցուցադրական անհամաչափ ուժ և ակնհայտ ապօրինի ձերբակալում»:

Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլև իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու` դառնալու ՀՀ-ում Սահմանադրության և Սահմանադրական կարգի իրական պաշտպան:

«Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են և ԱԺ կազմն ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա դուք զրկում եք Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունը: Դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Ոչ մի ուժի ելույթից հետո ՍԴ դատավորները մենկաբանություններ չէին թողնում, սակայն ՍԴ նախագահ Արման Դիլբարյանը այդ ելույթից հետո նշեց, որ սրան չանդրադառնալ չէր կարող. «Մարդկայնորեն ես հասկանում եմ Ձեզ, Ձեր ընտրած մարտավարությունը, մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը, բայց չեմ ընդունում և ինձ համար դա դատապարտելի է»: