Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Alashkert (3)
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգան վերադառնում է Հայաստան. այսօր` «Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս» (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտն» այսօր կանցկացնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում կընդունի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»: Մեկ շաբաթ առաջ Ուելսում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:

Մեկ տարի առաջ նման արդյունքը ձեռք կտար մեր թիմին, քանի որ մրցակցի դաշտում խփած գոլերը կրկնակի արժեք ունեին: Սակայն, ՈՒԵՖԱ-ի նոր կանոնակարգով ընթացիկ մրցաշրջանից սկսած արտագնա գնդակն այլևս առավելություն չի տալիս թիմերին: Դա նշանակում է, որ եթե այսօրվա խաղն ավարտվի ոչ-ոքի` 0:0, ապա կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև 11մ հարվածաշար:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նախախաղային մամուլի ասուլիսին ասաց, որ դա ճիշտ որոշում է, որը թիմերին կստիպի մտածել միմիայն հաղթանակի մասին: Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա ռուսաստանցի մասնագետը նշեց, որ «Ալաշկերտը» լավ է պատրաստվել հանդիպմանը, եթե անգամ խաղը չընթանա իրենց ուզած սցենարով:

«Կոնաս Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ալաշկերտը» բարձրակարգ թիմ է, ուստի ունի որոշակի առավելություն պատասխան խաղում:

«Մենք երբ տեղեկացանք, որ խաղալու ենք «Ալաշկերտի» հետ, ուրախացանք: Բայց երբ սկսեցինք ուսումնասիրել թիմին, հասկացանք, որ մեզ բաժին է հասել լուրջ մրցակից, քանի որ նրա կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, կան մեծ թվով որակյալ լեգեոնականներ:

«Ալաշկերտի» ուժը զգացինք նաև առաջին խաղի ժամանակ: Սակայն, մենք լավատես ենք և կփորձենք օգտագործել մեր շանսը», - նշեց ուելսցի մասնագետը:

Չեմպիոնների լիգայի «Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս» հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: Բուքմեյքերները այս խաղում ընդգծված ֆավորիտ են համարում «Ալաշկերտին», որի հաղթանակը 8 անգամ բարձր են գնահատում «Կոնաս Կի Նոմադսի» հաղթանակի հանդեպ: