Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess cup
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մտան հաջորդ փուլ. շախմատի աշխարհի գավաթ

Սոչիում ընթացող շախմատի տղամարդկան և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան առաջին փուլի պատասխան հանդիպումները: Հայաստանի 4 պատվիրակներից հաջող հանդես եկան երկուսը: 

 

Կանանց մրցաշարում մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ հաղթեց կոլումբիացի Գաբրիելա Վարգասին և մտավ 1/32 եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ:

 

Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կրկին պարտության մատնեց վենեսուելցի Պեդրո Ռամոն Ռեյեսին: 1/64 եզրափակիչում նա կմրցի ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ:

 

Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտվեցին և մրցակիցներին թույլ տվեցին հավասարեցնել հաշիվը` 1:1: Այժմ նրանք հանդես կգան թայ-բրեյքում, որն բաղկացած է արագ շախմատի 4 պարտիայից: Հավասարության դեպքում կանցկացվեն ևս երկու պարտիա, իսկ եթե դրանք էլ ավարտվեն ոչ-ոքի, ապա կնշանակվի «Արմագեդոն»:

 

Այսօր իր մրցակցին իմացավ մեր հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը պայքարը կսկսի միանգամից 1/64 եզրափակչից: Նա այդ փուլում կմրցի հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: 

 

Լևոն Արոնյանի առաջիկա մրցակիցը դեռևս հայտնի չէ, իսկ ահա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կհանդիպի խորվաթ Սաշա Մարտինովիչը: