Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ազգային անվտանգության շահերից ելնելով՝ փակել տեղեկատվությունը.քննարկում (տեսանյութ)

Լրագրողական մի շարք կազմակերպությունների համար հեղափոխությամբ իշխանության եկած մարդկանց առաջ բերած նախաձեռնությունն անսպասելի էր։ Այս մասին «Մեդիա կենտրոնի» քննարկմանն ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության ներկայացրած նախագծի մասին, որով առաջարկվում է արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ՝ ազգային անվտանգության նպատակով:

Նա նշեց, որ և՛ վարչապետը, և՛ իր թիմը կառավարման սկզբից թափանցիկ աշխատելու, ժողովրդին հաշվետողական լինելու պատրաստակամություն էին ցուցաբերում, հայտարարում էին դրա մասին։

«Ուղղակի պետք է անտեսել և՛ Սահմանադրության պահանջը, և՛ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջը՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Այստեղ ազգային անվտանգության խնդիրներն ամենևին այդպիսի սրությամբ դրված չեն, ինչ մանրամասնությամբ որ այստեղ արգելքներ են դրվում։ Այդ չվերթները, ծախսերը կարելի է այնպես ներկայացնել, որ հասարակությունը և ԶԼՄ-ները կարողանան պատկերացում կազմել դրա մասին, բայց դա նաև վնաս չհասցնի ազգային անվտանգությանը», - ասաց Աշոտ Մելիքյանը։

Թեև նրանք հայտարարում են, որ հարցումների միջոցով հնարավոր կլինի ստանալ այդ ինֆորմացիան, Մելիքյանը նշում է, որ ԶԼՄ-ները շատ լավ գիտեն, թե ինչպես են նրանք պատասխանում այդ հարցումներին․ «Դա արդարացման փորձ է և գերատեսչությունները հղում կանեն այս որոշմանը և կասեն, որ դա փակ ինֆորմացիա է ու չեն տրամադրի»։

Այս նախագծերի մշակման ամբողջ գործընթացն իրականացվել է հասարակությունից գաղտնի, նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, մինչդեռ, նրա խոսքով, դա վերաբերում է տեղեկատվության ազատությանն ու հրապարակայնությանը։

«Կառավարությունն առաջնային է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, մինչդեռ հանրային գնումներն ու պաշտոնական գնումներն այն երկու կարևոր ոլորտներն են, որտեղ մշտապես տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր և չարաշահումներ», - ասաց Շուշան Դոյդոյանը։

Բոլոր ժամանակներում պետական անվտանգությանը վերաբերող բոլոր գնումները միշտ էլ փակ են եղել, ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։ Այն եղած՝ մեկ անձից գնումները, որոնք ներկայացվում էին կայքում, ենթադրվում էր, որ անվտանգության խնդիր չէին առաջացնում։

«Իսկ թե ինչու պատերազմից հետո բացահայտվեց, որ դրանք անվտանգության գաղտնիք են պարունակում դա, ինքնին վկայում է, որ նախկինում անվտանգության ապահովմամբ զբաղվող գերատեսչություններ այնքան էլ ճիշտ չէին աշխատել, եթե իրենք համարում են, որ անվտանգությանը խանգարող ինֆորմացիա է հրապարակվել, ուրեմն իրենք նախկինում հաշվի չեն առել այդ փաստը», - ասաց նա։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այսօրվա քննարկմանը ԲՏԱ նախարարությունից ներկայացուցչի բացակայությունն արդեն խոսուն փաստ է․ «Մենք ուզում ենք լուրջ փաստարկներ լսել ու հասկանալ, թե ինչ այլընտրանքային մոտեցումներ կարելի է կիրառել։ Մենք ուշադրության կենտրոնում ենք սա պահելու, աշխատելու ենք տեղի հանրության, փորձագետների հետ, մտնելու ենք ուղիղ երկխոսության հետ իշխանությունների հետ և փորձելու ենք այդպես հարցը լուծել»։ Եթե ներսում ոչինչ չստացվի, Մելիքյանի խոսքով, փորձելու ենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատել, որպեսզի նրանք իրենց հեղինակությունն օգտագործեն ու թույլ չտան կյանքի կոչել այս խայտառակ նախաձեռնությունը։